Արցախի Հանրապետությունը Եվրոպայի մաս է. Արմեն Աշոտյան
Հայաստանը եղել և մնում է հավատարիմ եվրոպական գործընկերության հիմքում ընկած իր հանձնառություններին և շարունակելու է ակտիվ մասնակցել եվրոպական ժողովրդավարության խթանմանն ուղղված նախաձեռնություններում,- այս մասին նշել է ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանն՝ այսօր Բելգիայի Սենատի անդամ Յորիս Պոշետի հետ հանդիպմանը։
ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացին՝ Արմեն Աշոտյանը նշել է, որ շփման գծում ադրբեջանական զինված ուժերի կողմից պարբերաբար իրականացվող զինադադարի կոպտագույն խախտումներն ամեն կերպ խաթարում են բանակցային գործընթացը և տարածաշրջանում վստահության մթնոլորտը, ինչը հղի է անկանխատեսելի հետևանքներով:
Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման համատեքստում Արմեն Աշոտյանը նշել է, որ Արցախը Եվրոպայի մաս է, եվրոպական ժողովրդավարական արժեքները յուրացրած պետություն, որի ժողովուրդը վաստակել է սեփական ճակատագիրը տնօրինելու իրավունք: