Ամերիկյան ներդրողների շրջանում կա հետաքրքրություն Հայաստանի էներգետիկայի ոլորտի հանդեպ. դեսպան
«Էներգետիկայի ոլորտում 8 մլրդ դոլարի հնարավոր ներդրումային ներուժի մասին ցուցանիշը հաշվարկվել է Էներգետիկայի նախարարության կողմից, և մեր գնահատումները դեսպանությունում նույնպես հաստատում են, որ կա այդպիսի ներուժ»,- այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը՝ անդրադառնալով հարցին, թե արդյոք իրատեսական է իր այն հայտարարությունը, թե Հայաստանում վերականգնվող էներգետիկայի բնագավառում կա 8 միլիարդ դոլարի ներդրումային հեռանկար:
Դեսպանը նշեց, որ խոսքը ներուժի, հնարավոր ներդրումների մասին է, որը հնարավոր կլինի այն դեպքում, երբ էներգետիկ շուկան լիովին ազատ լինի և հնարավոր լինի էլեկտրաէներգիա արտահանել Վրաստան, Իրան:
«Այսինքն՝ դա այն պայմաններում հնարավոր կլինի, երբ նման ենթակառուցվածքներ առկա լինեն»,- ընդգծեց դեսպանը:
Ռիչարդ Միլսը նշեց, որ այդ 8 մլրդ-ը վերաբերում է նաև ենթակառուցվածքների ձևավորմանը:
«Ամերիկյան ընկերությունների, ներդրողների շրջանում կա հետաքրքրություն այս ոլորտի հանդեպ, որն առկա է Հայաստանում»,- հայտնեց դեսպանը:
Նա նաև նշեց, որ այս ամիս ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի հետ տեղի են ունեցել մի շարք օգտակար հանդիպումներ, որի ժամանակ նախարարը ներկայացրել է երկու ներդրումային ծրագիր: Դրանցից մեկը վերաբերում է կոշտ թափոնների մշակման միջոցով էներգիայի արտադրությանը: Ռիչարդ Միլսի խոսքերով՝ իրենք այդ առաջարկներն այժմ ներկայացնում են ամերիկյան ներդրողների ուշադրությանը:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին