Սվիտալսկու հայտարարությունները չեն ազդի ՀՀ-ԵՄ հարաբերությունների վրա. Վ.Բաղդասարյան
«Օգնություն տալ չի նշանակում, որ հետո պետք է այդ օգնությունը շահարկել, անընդհատ միջամտել ներքաղաքական խնդիրներին և հարցերին»,- ԱԺ-ում լրագրողներին ասաց ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը՝ անդրադառնալով Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկու քննադատություններին:
Միաժամանակ նա նշեց, որ դիտողություններն իրենք ընդունում են, քննարկում են և որևէ անգամ չեն ասել, որ ամեն ինչ կատարյալ է:
«Մենք պետք է աշխատենք, որպեսզի ավելի ընկալելի, իդելական դարձնենք: Հաջորդ փուլերի ժամանակ մենք այդ բոլոր դիտողությունները պետք է նկատի ունենք», - ասաց ՀՀԿ-ական պատգամավորը:
Վ. Բաղդասարյանի կարծիքով, Սվիտալսկու հայտարարությունները չեն ազդի ՀՀ-ԵՄ հարաբերությունների վրա. «Ամեն ինչ հարթվող է: Անհնար է այս ընտրական պրոցեսի աճը նախորդների նկատմամբ չնկատել: Հայտարարությունների տարբեր ոճեր կան, կարող են անհանգստություն հայտնել, բայց անմիջապես չի կարելի նման քննադատություններ հնչեցնել, ինչպես օրինակ, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի գործառույթների հետ կապված, որը որևէ ձևով չէր կարող ազդեցություն ունենալ ընտրական պրոցեսների վրա»:
Նա նշեց, որ Սվիտալսկու հայտարարությունների տոնայնությունից կարելի էր որոշակիորեն հանգել, որ Հայաստանի ներքին գործերին միջամտելու ցանկություն կար, իսկ իրենք ցանկանում են, որ միջազգային գործընկերները դիտարկումներ, դիտողություններ անեն, անհանգստություններ հայտնեն, քննարկեն ու գնան առաջ:
«Մենք ցանկացած դիտողությունների, քննադատություններին ականջալուր ենք և ի նկատի ունենում ենք հաջորդ պրոցեսների ժամանակ: Ինչպես նախորդ ընտրություններից հետո մենք բոլոր առաջարկությունները դիտարկեցինք, Ընտրական օրենսգրքի ժամանակ տեսաք՝ չկար մի դիտարկում, որը մենք հաշվի առած չլինենք, ընդհուպ ցուցակների հրապարակում»,- ասաց Վահրամ Բաղդասարյանը:
Հարակից հրապարակումներ`
- Եթե մեր աջակցությունն այլևս ցանկալի չէ, մենք մեր ներկայությունը չենք պարտադրի. Պյոտր Սվիտալսկի
- Ավելի արդարացի կլիներ, եթե Պյոտր Սվիտալսկին մատնանշեր դրական բարեփոխումները. Շարմազանով
- Դա որոշակի փորձ է ներքին քաղաքականությանը միջամտելու. Դավիթ Հարությունյանը՝ Պյոտր Սվիտալսկու հայտարարության մասին
- Պետք չէ գույները խտացնել, դա ծայրահեղացված մոտեցում է. Տիգրան Մուկուչյան
- Եղել են ձայներ գնելու, ընտրակաշառք բաժանելու և սպառնալիքներ հնչեցնելու դեպքեր. Պյոտր Սվիտալսկի
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին