Ո՞վ է իրականում Բաքվի հորինած դիվերսանտը. Օրակարգ
Ադրբեջանական լրատվամիջոցներում առավոտյան լուր տարածվեց այն մասին, իբր հայկական զինուժը դիվերսիոն ներթափանցման փորձ է արել, որի հետևանքով կա մեկ գերեվարված զինծառայող: Այնուհետև տարածվեց տեսանյութ, որում իբրև գերեվարված ոմն Զավեն Հովհաննեսի Կարապետյանը պատմում է իր և իր առաջադրանքի մասին, ինչի առիթով panorama.am -ի հարցին ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ասել էր՝ «տեսանյութում ցուցադրվածը էժանագին թատրոն է»:
Թատրոնը՝ թատրոն, բայց ամբողջ օրվա ընթացքում և ոստիկանություն, և ՊՆ մեր դիմումները այդպես էլ չպարզեցին՝ ի վերջո ՀՀ սահմանը ՀՀ որևէ քաղաքացի հատել է, թե ոչ:
Թե ով է իրականում Զավեն Կարապետյանը՝ ի վերջո պատմեց Հանրային հեռուստատեսության «Օրակարգ» հաղորդման հատուկ ռեպորտաժը:
Ադրբեջանական տեսանյութում ներկայացվում է, որ Զավեն Կարապետյանն իբր ապրում է Նոյեմբերյանի Դովեղ գյուղում, սակայն իրականում՝ Դովեղ համայնքի ղեկավար Սամվել Գորգինյանի պնդմամբ, այնտեղ նման անուն ազգանունով մարդ չի ապրում:
«Կարապետյան ազգանունով ծուխ չունենք: Ընտանիքներ չկան և այդ մարդուն մենք ոչ մի անգամ չենք տեսել մեզ մոտ»,- նշեց Սամվել Գորգինյանը:
«Կարապետյան Զավեն անուն ազգանունով երեխա մենք ունեցել ենք, եկել է մանկատուն 1978թ.-ի հունիսի 16-ին: Այնուհետև 4 տարեկան հասակում դուրս է եկել մանկատնից»,- նշեց Գավառի մանկատան ղեկավար Նիկոլայ Նալբանդյանը:
Գավառի մանկատնից հետո Զավենը տեղափոխվել է Սովետաշենի մտավոր թերզարգացած երեխաների օժանդակ դպրոց: Զավենի մայրը, ըստ հեղինակի, նույնպես մտավոր խնդիրներ է ունեցել և հաշվառված է եղել Խարբերդի հատուկ հաստատությունում:
Զավեն Կարապետյանի անունը առկա է ԿԸՀ կայքում, ընտրողների ռեգիստրում, գրանցված է Վանաձորի ծերանոցի հասցեում: 2004-ին Վանաձորում հաշվառվելուց հետո անձնագիր է ստացել, որից հետո վերջինիս մասին տեղեկությունները կցկցտուր են: Ենթադրվում է, որ նա 10 տարի ապրել է թափառաշրջիկի կյանքով առանց հիմնական բնակության վայրի:
Վանաձորի քաղաքպետ Մամիկոն Ասլանյանի, հավաստմամբ, Զավենը կարճ ժամանակով բնակվել է տարբեր տնակներում: Վանաձոր թաղամասի մի ռեստորանում պահակ է եղել ու որոշակի բնակության վայր չի ունեցել: Ըստ քաղաքապետի՝ Զավենը որոշակի տարօրինակություններ է ունեցել:
«Վերջին 10 տարիների ընթացքում նրա մասին տեղեկություններ չկան»,- նշեց Մ.Ասլանյանը:
Զավեն Կարապետյանի դժբախտությունն է՝ Վանաձորի ծերանոցում է հայտնվել 30 տարեկանում, իսկ 44 տարեկնանում նրան ադրբեջանցիները դիվերսանտ են հռչակել:
Ադրբեջանական տեսանյութի մոնտաժված լինելն և Զավեն Կարապետյանի՝ տեքստից կարդալը չեն վրիպել հաղորդման հեղինակից:
«Ահա փնթիության գագաթնակետը, կոպտագույն մոնտաժ, որց հետո խոշորացնելով տեսնում ենք, թե ինչպես է Զավենը կարդում»,- նշում է հեղինակն ու եզրափակում, որ այսպիսի հոգեկան շեղումներով մարդուն դիվերսանտ ներկայացնելուն ունակ է այն երկրի հատուկ ծառայությունը, որի գլխավոր հրամանատարը ոչ միայն բանակ չի տեսել այլև 1991-94թթ. պատերազմի ժամանակ Թուրքիայում զբաղվել է բիզնեսով. Այդպես գրված է հենց Ալիևի պաշտոնական կենսագրությունում:
Հարակից հրապարակումներ`
- ՊՆ խոսնակ. Ադրբեջանական լրատվամիջոցների տեսանյութը էժանագին թատրոն է
- Ոստիկանություն. Չունենք հաղորդում, որ որևէ քաղաքացի անհայտ կորել է
- ՊՆ. Հայկական զինուժը դիվերսիա չի իրականացրել և կորուստներ չունի
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին