Դենիել Դեյ-Լյուիսը հայտարարել է դերասանական կարիերայի ավարտի մասին
Բրիտանացի օսկարարակիր դերասան Դենիել Դեյ-Լյուիսը հայտարարել է, որ այլևս չի նկարահանվելու կինոյում: Բի-Բի-Սի-ն գրում է, որ նրա գործակալի կողմից տարածված հայտարարության համաձայն՝ 60-ամյա Դեյ-Լյուիսը «այլևս չի աշխատի որպես դերասան»:
Նաև նշվում է, որ դա դերասանի անձանական որոշումն է, և նա «անսահման շնորհակալ է իր գործընկերներին և հեռուստադիտողին»:
Նա խաղացել է իր առաջին դերը 1971 թվականին՝ «Կիրակի, արյունալի կիրակի» ֆիլմում: Դերասանն այնքան էլ շատ ֆիլմերում չի խաղացել, բայց մշտապես շատ զգուշորեն է մոտեցել ֆիլմերի ընտրությանը և սովորոբար նկարահանվել է 3-5 տարին մեկ անգամ:
Դենիել Դեյ-Լյուիսը երեք անգամ արժանացել է «Օսկար» մրցանակի՝ որպես լավագույն դերասան՝ «Իմ ձախ ոտքը» (1989), «Նավթ» (2007) և «Լինքոլն» ֆիլմերում մարմնավորած դերերի համար: Նա միակ դերասանն է, ով արժանացել է երեք «Օսկարի» «Լավագույն դերասան» անվանակարգում: Արժանացել է «Ոսկե Գլոբուսի» և BAFTA-ի։ «Նյու Յորքի ավազակախմբերը» (2002) ֆիլմում Բիլլ Քատտինգի դերի համար նա ստացել է BAFTA և Screen Actors Guild մրցանակները։ 2013 թվականին ստացել է ևս մեկ «Ոսկե Գլոբուս» դրամայի լավագույն դերասան անվանակարգում «Լինքոլն» ֆիլմի համար։
Այս տարի կներկայացվի նրա մասնակցությամբ վերջին ֆիլմը: 2013-ին Time ամսագրի կողմից Դենիել Դեյ-Լյուիսը ճանաչվել է աշխարհում 100 ամենաազդեցիկ մարդկանցից մեկը:
«Ես արդեն իմ կյանքի ընթացքում մի քանի անգամ ինձ և իմ շրջապատին ասել եմ, որ այլևս չեմ նկարահանվի ֆիլմերում: Բայց ամեն անգամ վերադառնում եմ, խաղում, և կրկին ինձ տալիս են այդ հիմար արձանիկներն ու մրցանակները տղամարդու լավագույն դերի համար: Բայց ես երբեք չեմ վերադառնում այն մտքով, որ պետք է խաղամ «Օսկար» ստանալու համար: Դա իմ մասին չէ»,- հարցազրույցներից մեկում ասել է Դեյ-Լյուիսը: