Վարդան Արամյան. Մշտապես կան ռիսկեր
«Մեր այսօրվա գնահատված տնտեսական աճի պոտենցիալը 3-4 տոկոս է: Եթե մենք մեր առջև միջինը 5 տոկոս տնտեսական աճի ցուցանիշ ենք դնում, դա նշանակում է, որ ջանք պետք է գործադրել: Որտե՞ղ են ջանքերը, դրանք մանրամասը դրված են կառավարության ծրագրում»,- Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը:
Հարցին, թե իրական արդյունք ապահովելու համար այդ 5 տոկոս ցուցանիշը ցա՞ծր չէ, նախարարն ասաց. «Կարծում եմ, որ ոչ: Պետք է շատ ճիշտ գնահատել ստարտային իրավիճակներ, թե որտեղ ենք գտնվում և ուր ենք գնալու: Հինգ տարվա ընթացքում միջինը 5 տոկոս տնտեսական աճը չի նշանակում, որ մենք ֆիքսելու ենք 5 տոկոս տնտեսական աճը. մեկ տարի կարող է լինել 4,7 տոկոս, մյուս տարի կձգտենք 5 տոկոսից ավելի բարձր ցուցանիշի, որպեսզի միջինը հինգ տարիների ընթացքում 5 տոկոս ցուցանիշն ապահովենք»:
Վ. Արամյանի խոսքով, կառավարության ծրագրում դրել են այն մոտեցումը, որ ջանքեր են գործադրելու, որ համաշխարհային տնտեսությունից կամ Հայաստանի հետ առևտուր անող երկրներից շատ ավելի բարձր առաջանցիկ աճի տեմպեր ունենան:
Դիտարկմանը, թե Տիգրան Սարգսյանն իր ժամանակ կառավարության ծրագրով 7 տոկոս տնտեսական աճ էր խոստանում, բայց 3 տոկոսը չգերազանցեց, ֆինանսների նախարարն ասաց, որ Հայաստանն ապրում է գլոբուսի վրա, կան տենդենցներ, որոնք ազդում են, դրանք անկանախատեսելի են:
«Մշտապես ռիսկեր կան, աշխարհում միշտ էլ կան հնարավոր աշխարհաքաղաքական, տնտեսական զարգացումներ»,- հավելեց Վարդան Արամյանը: