Զախարովա. ԼՂ հակամարտության կարգավորման հարցը մշտապես գտնվում է ՌԴ ԱԳՆ օրակարգում
«ԵԱՀԿ ՄԽ համանախագահների տարածաշրջանային այցի արդյունքում հրապարակած հայտարարության մեջ արտացոլված է նաև Ռուսաստանի դիրքորոշումը: Այն մատչելի է, հրապարակված է համապատասխան կայքերում, ուստի հնարավոր է ծանոթանալ դրան»,-անդրադառնալով ադրբեջանցի լրագրողի հարցին, թե ինչ դիրքորոշում ունի Ռուսաստանը ԵԱՀԿ ՄԽ համանախագահների տարածած հայտարարության առնչությամբ, ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան: Այս մասին տեղեկանում ենք ՌԴ ԱԳՆ պաշտոնական կայքից:
«Եվս մեկ անգամ կրկնում եմ, որ այն լիովին արտահայտում է խնդրի վերաբերյալ Ռուսաստանի դիրքորոշումը»,- նշեց Զախարովան:
Զախարովան նաև արձագանքեց այն հարցին, թե արդյոք քննարկվել է ԼՂ հակամարտության կարգավորման վերաբերյալ հարցեր ՌԴ-Ֆրանսիա ԱԳ նախարարների մակարդակով հանդիպման ժամանակ՝ նշելով որ նման հարց չի քննարկվել:
Բաքվի լրագրողի այն հարցին, թե ինչպես է մեկնաբանում Ռուսական կողմը սահմանին տիրող իրավիճակը՝ հաշվի առնելով վերջին լարվածությունները, Զախարովան կարճ է պատասխանել. «ԼՂ հակամարտության կարգավորման թեման մշտապես գտնվում է ՌԴ ԱԳՆ օրակարգում»: