Պետդեպ. ԱՄՆ-ն խորապես մտահոգված է ԼՂ շփման գծում հրադադարի ռեժիմի խախտումների դեպքերով
Ամերիկայի Միացյալ Նահանգները խորապես անհանգստացած է ղարաբաղա-ադրբեջանական հակամարտության շփման գծում հրադադարի ռեժիմի խախտման վերջին դեպքերի առնչությամբ, որի հետևանքով զոհեր են գրանցվել: Այս մասին ԱՄՆ Պետքարտուղարության պաշտոնական կայքի փոխանցմամբ , նշել է Պետքարտուղարության խոսնակ Հիզեր Նոերթը:
«Մենք կոչ ենք անում կողմերին խուսափել լարվածության հետագա աճից և անհապաղ կերպով քննարկել շփման գծում և Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին լարվածության թուլացմանն ուղղված քայլերը»,- նշված է հայտարարության մեջ:
Պետքարտուղարությունը հիշեցնում է՝ հունիսի 19-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից տարածած հաղորդագրությունը, որտեղ հակամարտող կողմերին կոչ էր արվում քաղաքական կամք դրսևորել բանակցությունները վերսկսելու համար՝ նշելով, որ դա տարածաշրջանի բնակչության համար ամուր խաղաղություն հաստատելու միակ ճանապարհն է և որ տարածաշրջանի բնակչությունն արժանիորեն ակնկալում է հակամարտության կարգավորման հարցում առաջընթաց:
Հայտարարության մեջ նշված է, որ ԱՄՆ-ն շարունակում է ինտենսիվորեն աշխատել կողմերի հետ:
«Մեր քաղաքականությունը, որի շուրջ Մինսկի խմբի համանախագահները համակարծիք են, այն է, որ խնդրի արդար լուծումը պետք է հիմնված լինի միջազգային իրավունքի վրա՝ ներառելով Հելսինկյան եզրափակիչ ակտը, մասնավորապես ուժի չկիրառման, տարածքային ամբողջականության ու ինքնորոշման սկզբունքները»,- ասված է հայտարարության մեջ: