Տրանսպորտի նախարարը հորդորում է օգտվել միայն կանոնավոր ուղևորափոխադրողներից. «168 Ժամ»
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը հորդորում է ՀՀ քաղաքացիներին՝ օգտվել միայն կանոնավոր ուղևորափոխադրողների ծառայություններից։ Վերջին շրջանում Ռուսաստանում երկու ավտոբուսների վթարի կապակցությամբ նախարարը նշել է, որ դրանք ոչ կանոնավոր ուղևորափոխադրումներ են եղել։
«Հորդորում եմ՝ ժողովրդին ուղղորդեք, որ օգտվեն միայն կանոնավոր ուղևորափոխադրումներից»,-«168 Ժամ»-ի հետ զրույցում ասել է Վ. Մարտիրոսյանը։ Նա վստահեցրել է, որ տեսչությունը ստուգումներ է իրականացնում սահմանին, տոմսերի վաճառքի կետերում։
Թերթի թղթակցի դիտարկմանը՝ եթե սահմանին հսկում եք, ինչպե՞ս են անցնում այդ ավտոբուսները, Վ.Մարտիրոսյանը նշել է, թե իրենց իրավասության մեջ չէ սահմանին ունենալ տրանսպորտային տեսչություն, այն միայն ժամանակ առ ժամանակ է գնում սահման և ստուգումներ անում, տուգանում և չի թողնում շարունակել ճանապարհը։ Նախարարի խոսքով՝ պետք է ներդրվի էլեկտրոնային համակարգ, որը կապ կհաստատի Ոստիկանության և մաքսավորների հետ, և վերահսկողությունն ավելի կուժեղանա։