Դիշդիշյանը ՌԴ մշակույթի նախարարությունից 45 միլիոն է խնդրել Խաչատրյանի «Սուսերով պարի» համար
ՌԴ մշակույթի նախարարությունում անցկացվել են փորձագիտական խորհուրդների նիստեր, որոնք քննարկել են պետական ֆինանսական աջակցության հավակնող ֆիլմերը: Ներկայացվել է 74 նախագիծ, այդ թվում նաև հայկական ծագմամբ ռուս ռեժիսորների կողմից:
rusarminfo.ru-ի հաղորդմամբ, ներկայացվել է «Սուսերով պարը» նախագիծը, որի պրոդյուսերն է Ռուբեն Դիշդիշյանը: Ֆիլմի ռեժիսորն է Յուսուփ Ռազիկովը: Ֆիլմը պատմելու է լեգենդար հայ կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի համանուն գլուխգործոցի ստեղծման մասին:
«Ինձ միշտ շատ հետաքրքիր է եղել ֆիլմ ստեղծել այն մասին, թե ինչպես է Արամ Խաչատրյանը կարողացել գրել այդ հիանալի ստեղծագործությունն ընդամենն ութ ժամվա ընթացքում»,- ասել է Ռազիկովը:
Ռ. Դիշդիշյանն իր հերթին նշել է, որ ֆիլմը նկարահանվելու է Հայաստանի հետ համատեղ: Բյուջեն կազմում է 68 միլիոն ռուբլի, ՌԴ մշակույթի նախարարությունից ցանկանում են ստանալ 45 միլիոն ռուբլի աջակցություն:
«Իմ երաժշտական ընտանիքում մի անհնազանդ ու աղմկոտ զավակ կա՝ «Սուսերով պարը» «Գայանե» բալետից: Ազնվությամբ, եթե ես իմանայի, որ այն այդպիսի հանրաճանաչություն ձեռք կբերի և արմունկներով հետ կմղի մյուս ստեղծագործություններին, ապա երբեք այն չէի գրի: Արտասահմանում ինձ գովազդում են որպես «պարոն Սեյբրդանս» (անգլերեն sabre՝ սուսեր և dance՝ պար բառերից): Դա, նույնիսկ, բարկացնում է ինձ: Ես այն անարդարացի եմ համարում ...»,- ասել է Արամ Խաչատրյանը:
«Գայանե» բալետի առաջին բեմադրությունը եղել է 1942 թվականի դեկտեմբերի 9-ին Պերմում:
««Սուսերով պարը» կոմպոզիտորի խոստովանմամբ, հանկարծակի է ծնվել: «Գայանե»-ի պարտիտուրի ստեղծումից հետո սկսվեցին փորձերը: Թատրոնի տնօրենը իր մոտ կանչեց Խաչատրյանին՝ ասելով, որ վերջին գործողության մեջ հարկավոր է պար ավելացնել: Կոմպոզիտորն այն դժկամորեն արեց, քանի որ բալետն ավարտված էր համարում: Այդուհանդերձ, այդ միտքը ստիպեց նրան մտածել:
«Պարը պետք է արագ, մարտական լինի, - հիշում էր Խաչատրյանը։ - Ձեռքերս անհամբերությամբ ակորդ վերցրեցին, և ես սկսեցի մաս-մաս նվագել այն, ինչպես օստինատային, կրկնվող դարձվածք: Կտրուկ շարժում էր անհրաժեշտ. ես վերցրեցի վերևի ձգվող տոնը: Ինչ-որ բան ինձ «բռնեց». ահա, կրկնենք ուրիշ տոնայնության մեջ: Սկիզբը դրված է: Այժմ կոնտրաստ է անհրաժեշտ... Բալետի երրորդ պատկերում երգային թեմա, լիրիկական պատկեր ունեմ: Մարտական սկիզբը ես միացրի այդ թեմային՝ այն սաքսաֆոնն է կատարում, ապա վերադարձա սկզբին, սակայն արդեն նոր որակով: Սկսեցի աշխատել ցերեկվա ժամը 3-ին, իսկ մոտավորապես գիշերվա 2-ին ամեն ինչ պատրաստ էր: Առավոտյան ժամը 11-ին պարը հնչեց փորձի ժամանակ: երեկոյան այն բեմադրվեց, իսկ հաջորդ օրն արդեն գլխավոր փորձն էր ... »» (khachaturian.am):
Աննա Մելիքյանը ներկայացրել է «Փերի» ֆիլմի, որի համար 124 միլիոն ռուբլի է խնդրել (ֆիլմի ողջ բյուջեն): Սարիկ Անդրեասյանը ներկայացրել է «Ռոբո» մանկական ֆիլմի նախագիծը, խնդրել է 53 միլիոն 800 հազար ռուբլի:
Կարեն Օգանեսյանը ներկայացրել է «Կաթ» ֆիլմը՝ երկրի վրա երկնաքար ընկնելու մասին: Ֆիլմի բյուջեն կազմում է 50 միլիոն ռուբլի, նախարարությունից խնդրել է 33 միլիոն ռուբլու աջակցություն:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա