Հայաստանում առաջին անգամ տեղի կունենա Ինժեներական համաժողով-ցուցահանդես
Հայաստանում առաջին անգամ տեղի կունենա Ինժեներական համաժողով-ցուցահանդեսը, որը կկայանա հունիսի 24-ին Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնում (ՎՏԿ): Միջոցառման նպատակն է քննարկել ոլորտի գլոբալ զարգացումները, ինժեներական կրթության և գործարար միջավայրի մարտահրավերները, ինչպես նաև խրախուսել փորձի և գաղափարների փոխանակումը կազմակերպությունների և ոլորտի հիմնական դերակատարների հետ համատեղ:
Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի տնօրեն Բագրատ Ենգիբարյանն այսօր լրագրողների հետ զրույցում ասաց, որ միջոցառման վայրը պատահական չի ընտրվել: «Ամիսներ առաջ Վանաձորում բացված տեխնոլոգիական կենտրոնն ունի հատուկ ճարտարագիտական ուղղվածություն: Ես կարծում եմ, որ այս միջոցառումը նոր էջ կբացի Հայաստանի բարձր տեխնոլոգիաների ոլորտում: Օգտագործելով ՏՏ ոլորտի 10-15 տարիների հաջողությունը, մենք հնարավորություն կունենանք նմանատիպ հաջողություններ արձանագրել նաև ճարտարագիտության ոլորտում»,- ասաց Բագրատ Ենգիբարյանը՝ հույս հայտնելով, որ այս միջոցառումը ևս կդառնա ավանդական:
Նրա խոսքերով՝ համաժողովի ընթացքում տեղի կունենան քննարկումներ հետևյալ թեմաներով՝ ինժեներական արդյունաբերություն` վերջին զարգացումները և հաջողության պատմությունները, կրթություն և հետազոտություն, առաջադեմ արդյունաբերական հավելվածներ (ավտոմատ կառավարվող մեքենաներ, 5G, կիսահաղորդիչների փորձարկման լուծումներ, ռադիո հաճախականային և միկրոալիքային հավելվածներ (RF and microwave), արդյունաբերական իրերի ինտերնետ (IIOT)):
«Նեյշնլ Ինստթումենթս» ընկերության ինժեներ Արամ Սալաթյանն էլ նշեց, որ Հայաստանը դառնում է ճարտարագիտությամբ զարմացնող երկիր, քանի որ Հայաստանի ինժեներները կարողանում են հետաքրքիր լուծումներ առաջարկել ամենաբարդ խնդիրներին, որոնք ունեն լուրջ մարտահրավերներ աշխարհում:
Ինժեներական համաժողով-ցուցահանդեսը կազմակերպվում է Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի, ՀՀ կառավարության, Լոռու մարզպետարանի և «Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» ծրագրի նախաձեռնությամբ:
Բանախոսների և մոդերատորների շարքում են ինժեներական ոլորտի խոշորագույն ընկերությունների ղեկավարներ, կրթական հաստատությունների ներկայացուցիչներ: Ցուցահանդեսի շրջանակում իրենց արտադրանքը, լուծումները և ծառայությունները կներկայացնեն շուրջ 20 տեղական և միջազգային կազմակերպություն, այդ թվում՝ Ֆեստո Գզելշաֆտ, Նեյշնլ Ինստթումենթս, Նաիրի-Թեք, Էլպիդա Էլեկտրոնիքս, UAV lab, Անոդ, Սեզամ ընկերությունները, Երևանի կապի միջոցների գիտահետազոտական ինստիտուտը, Ռադիոֆիզիկայի և էլեկտրոնիկայի ինստիտուտը:
Տարածաշրջանային զարգացմանը, ինժեներական և բարձրտեխնոլոգիական ընկերությունների խթանմանը միտված համաժողով-ցուցահանդեսը կներգրավի շուրջ 150 մասնակիցներ՝ ներկայացուցիչներ կառավարութունից, համալսարաններից, գիտահետազոտական ինստիտուտներից, դոնոր կազմակերպություններից, նորաստեղծ և կայացած ինժեներական ընկերություններից, ոլորտի ներկայացուցիչներ՝ Հայաստանից և արտերկրից:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին