Գևորգյան հոգևոր ճեմարանը պահպանում է դիմորդների թվի կայունությունը
Ի տարբերություն հայաստանյան մյուս բուհերի՝ Գևորգյան հոգևոր ճեմարանը վերջին տարիներին պահպանում է դիմորդների թվաքանակի կայունությունը։
Մայր Աթոռի հոգևոր-կրթական հաստատությունների քարոզչության և հանրային կապերի բաժնի պատասխանատու Վահան սարկավագ Սահակեանը Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ վերջին տարիներին դիմորդների թիվը լինում է 50-ի շրջանակներում, որոնցից ընդունվում են շուրջ 40-43-ը։
«Չնայած հանրապետությունում ընդհանուր դիմորդների թվի նվազմանը՝ ճեմարանում վերջին տարիներին դիմորդների թիվը գրեթե անփոփոխ է մնում։ Կայունությունը հիմնականում պայմանավորված է նրանով, որ ճեմարանին կից գործում է Հառիճի Թրբանճյան ընծայարան ավագ դպրոցը, որի առկայությունը ինչ-որ առումով ստաբիլացրել է ճեմարանի դիմորդների քանակը։ Ընդունվելուց հետո ուսանողները բաշխվում են Սևանի Վազգենյան դպրանոցի և Գևորգյան ճեմարանի միջև։ Բաշխումը կատարում է Վեհափառ Հայրապետը»,-ասաց Վահան սարկավագ Սահակեանը։
Մեր զրուցակիցը մանրամասնեց, որ ճեմարանում ընդունելությունը երկու փուլով է կազմակերպվում՝ հուլիս ամսվա սկզբին և օգոստոսի վերջին. «Այս տարի առաջին փուլը կլինի հուլիսի 3-ից 10-ը, երկրոդ փուլը՝ օգոստոսի 21-28-ը։ Առաջին փուլը քննությունները հիմնականում կազմակերպվում են այն դիմորդների համար, ովքեր դպրոցն ավարտելուց անմիջապես հետո զորակոչման խնդիր ունեն»։
Մայր Աթոռի հոգևոր-կրթական հաստատությունների քարոզչության և հանրային կապերի բաժնի պատասխանատուն հայտնեց, որ այս տարի առաջին փուլի համար դեռևս գրանցվել է 10 դիմորդ։ Նրա խոսքով՝ դիմումների մեծ մասը լինում են երկրորդ փուլի համար։
Վահան սարկավագ Սահակեանը նշեց նաև, որ բացի Հայաստանից՝ ուսանողներ են ունեցել Ռումինիայից, Ռուսաստանից, Բրազիլիայից, Ուկրաինայից, Իրաքից, Սիրիայից, Սերբիայից, Լեհաստանից։
Գևորգյան հոգևոր ճեմարանում կրթությունն անվճար է, ուսանողներն ապահովվում են կացարանով, սննդով, բժշկական օգնությամբ, համազգեստով, գրենական պիտույքներով, հիգիենայի և այլ անհրաժեշտ պարագաներով: Ուսման տևողությունը 6 տարի է (4-ը բակալավրիատ, 2-ը մագիստրատուրա):
Ընդունվելու համար դիմորդները պետք է քննություններ հանձնեն հետևյալ առարկաներից՝ Հայոց լեզու, հայ գրականություն, հայոց պատմություն, երաժշտություն և օտար լեզու։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները