Մեր կրթական համակարգը շուկայի պահանջներին դեռևս շատ վատ է արձագանքում. վարչապետ
Կառավարությունը հաստատել է նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող պետական ուսումնական հաստատությունների 2017/2018 ուսումնական տարվա անվճար ուսուցմամբ ընդունելության տեղերը: Որոշման ընդունումը հնարավորություն կընձեռի ուսումնական հաստատություններում մրցութային կարգով անվճար ուսուցման (նպաստի ձևով ուսման վճարի լրիվ փոխհատուցմամբ) տեղերում ընդունել բարձր առաջադիմություն ունեցող դիմորդներին և պատրաստել աշխատաշուկայում պահանջարկ ունեցող մասնագետներ:
ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը նշել է, որ միջին մասնագիտական կրթական համակարգը գտնվում է լուրջ բարեփոխումների ընթացքում, որոնք իրականացվում են եվրոպական դրամաշնորհային ծրագրերի աջակցությամբ:
Կարեն Կարապետյանը կարևորել է միջին մասնագիտական կրթական համակարգի զարգացումը և նշել. «Մենք այսօր բազմաթիվ գերակա ոլորտներում՝ ՏՏ, թեթև արդյունաբերություն և այլն, ունենք մասնագետների պակաս: Հանդիպումների ժամանակ բիզնեսի ներկայացուցիչները իրենց պատրաստակամությունն են հայտնել ներդրումներ կատարել այս ուղղությամբ: Մեր կրթական համակարգը շուկայի պահանջներին դեռևս շատ վատ է արձագանքում: Համապատասխան գերատեսչությունների հետ պետք է հստակ ձևակերպել շահառուներին և մեր գործընկերներին, ովքեր պատրաստ են մասնակցել ծրագրում, որպեսզի իրականում այս ոլորտում կատարենք փոփոխություններ»:
Վարչապետը հանձնարարել է բոլոր գերատեսչությունների ղեկավարներին ըստ ոլորտների ձևակերպել աշխատուժի պահանջարկը, տեղեկատվությունն ամփոփել Կրթության և գիտության նախարարությունում և ըստ այդմ՝ տալ լուծումներ:
«Մասնագետների պակասի պատճառով նվազում է նաև աճի տեմպը: Դա վերաբերում է և´ ֆերմերությանը, և´ թեթև արդյունաբերությանը, ՏՏ-ին և մյուս ճյուղերին: Արդյունավետության բարձրացման համար պետք է ունենանք որակյալ աշխատուժ, որին պետք է պատրաստել արագընթաց կուսերի մեջոցով»,- ընդգծել է կառավարության ղեկավարը:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները