Մխիթարյան. Երազանքներն իրականանում են, երբ ջանասիրաբար ես աշխատում
«Հենրիխ, քեզ սպասում ենք Հնդկաստանում, ԱՄՆ-ում… »: Նման գրառումներով, սիրո խոստովանություններով, հիացական գնահատականներով են օգտատերերը ողողել Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանի ֆեյսբուքյան էջը:
Աշխարհահռչակ հայ ֆուտբոլիստն այսօր խոստացել է պատասխանել օգտատերերի հարցերին: Հարցերն անթիվ են, պատասխանները՝ կարճ: Հարցնում են ամեն ինչ՝ ի՞նչ է սիրում ուտել, ո՞ւր է գնալու, ինչո՞ւ չի հանգստանում, ո՞ւմ խաղը նայելուց է հաճույք ստանում:
Այսպես, սիրում է հայկական ու իտալական խոհանոցը, հաճույքով դիտել է Զիդանի խաղերը, վերադառնալու է Լոս Անջելես, նաև Հնդկաստան, Թայլանդում արդեն եղել է, շատ է հավանել:
Ժոզե Մոուրինոյին հաղթող է համարում, աշխատասեր, էմոցիայի ու մոտիվացիայի աղբյուր, առայժմ չի մտածում կարիերան ավարտելու մասին, հետևաբար դրանից հետոյի պլաններ չի մշակել, երջանիկ է, որ հայ երեխաների համար օրինակելի մարդ է համարվում:
«Հուսով եմ, որ իմ նվաճումներով օրինակ կդառնամ յուրաքաչյուր երեխայի համար, որպեսզի նրանք հավատան իրենց երազանքների իրականացմանը: Երազանքներն իրականանում են, երբ ջանասիրաբար աշխատում ես, քո նկատմամբ դրական ես տրամադրված ու հավատում ես ուժերիդ»,-գրել է Մխիթարյանը:
Հարց ու պատասխաններին կարող եք հետևել Մխիթարյանի ֆեյսբուքյան էջում։