Տարածաշրջանային խաղաղության դեֆիցիտը` ԼՂ խնդրի կարգավորման բանակցային գործընթացի բացակայության պայմաններում
ԵԱՀԿ համանախագահների տարածաշրջան կատարած այցը հարուստ էր թե՛ սահմանային զարգացումներով և թե՛ միջազգային կառույցների զուգորդված հայտարարություններով:
Ինչպես գիտենք, հունիսի 10-ին ԵԱՀԿ ՄԽ համանախագահները այցելեցին Հայաստան, հանդիպումներ ունեցան ՀՀ պաշտպանության և արտաքին գործերի նախարարների, ինչպես նաև Հայաստանի և Արցախի հանրապետությունների նախագահների հետ: Որից մեկ շաբաթ անց արդեն այցելեցին Ադրբեջան հանդիպում ունեցան Իլհամ Ալիևի և Էլմար Մամեդյարովի հետ:
Համանախագահների տարածաշրջան կատարած այցի գլխավոր նպատակը ապրիլի 28-ին Մոսկվայում ԱԳ նախարարների եռակողմ հանդիպումից հետո ԼՂ խաղաղ կարգավորման գործընթացում հետագա քայլերի ուղղությամբ կողմերի դիրքորոշման քննարկումն է եղել: Հիշեցնենք, որ ըստ պաշտոնական հաղորդագրության՝ Մոսկովյան հանդիպման ժամանակ «շարունակվել են քննարկումները ղարաբաղյան կարգավորման բանակցային գործընթացն առաջ մղելու շուրջ: Ընդգծվել է Վիեննայում և Սանկտ-Պետերբուրգում 2016թ. ապրիլին և հունիսին կայացած գագաթաժողովներին ձեռք բերված համաձայնությունների իրականացման անհրաժեշտությունը»:
Ուշադրություն պետք է դարձնել Վիենայում և Սանկտ-Պետերբուրգում ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման անհրաժեշտության վրա:
Հայտնի փաստ է, որ վերը նշված գագաթնաժողովներում ձեռք բերված պայմանավորվածության համաձայն պետք է ներդրվեն հրադադարի խախտումները քննող մեխանիզմներ և պետք է ընդլայնվի ԵԱՀԿ նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակը: Ինչը, բնականաբար, չի բխում Բաքվի շահերից: Պատկերացնենք, թե ինչ տեղի կունենա շփման գծում, եթե ադրբջանական կողմը սադրանքների չդիմի: Ուղղակի խաղաղ կլինի: Իսկ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության տարատեսակ ձախողումների ու հանրային դժգոհությունների ալիքից խուսափելու ամենադյուրին փրկօղակը սահմանային լարվածությունը ուժգնացնելու մեջ է: Եվ այդ քաղաքականությունն իրացնելու համար Բաքուն օգտագործում է բոլոր միջոցները: Ուստի այնպես է ստացվել, որ սահմանում, հետևաբար նաև Հարավային Կովկասում խաղաղության և կայունության միակ երաշխավորը հայ զինվորն է, որը պարտավորված է ամեն անգամ զսպել ու լռեցնել ադրբեջանական արկածախնդրությունները:
Հետևաբար երբ խոսքը գնում է Վիենայի և Սանկտ-Պետերբուրգի պայմանավորվածությունների մասին, Բաքուն սկսում է կրակել, չնայած նրան, որ առաջին համաձայնվողը եղել է հենց ինքը:
Հունիսի 16-ին Բաքվի ձեռնարկած սահմանային լարվածության արդյունքում հայկական կողմերից եղավ 4 զոհ և 3 վիրավոր: Չմոռանանք նշել, որ մինչ համանախագահները այցով գտնվում էին Հայաստանում և Ստեփանակերտում Բաքվի առաջնորդը իր աշխատանքային այցերից մեկի ժամանակ հայտարարել էր, որ շուտով իրենց դրոշը կծածանվի Շուշիում: Սա ըստ էության ռազմատենչ հայտարարություն է: Քանի որ դե յուրե զինադադարի մեջ գտնվող կողմը, հակամարտության խաղաղ կարգավորման մասին բազմիցս հայտարարություններ անելու հետ մեկտեղ հողեր զավթելու վերաբերյալ հայտարարություն է անում: Արդյունքում եղավ հունիսի 16-ը:
Մնում է ենթադրել, որ մոսկովյան հանդիպման ժամանակ Բաքվին որոշակի «կսմիթներ» այնուամենայնիվ արվել է՝ կապված ձեռք բերված պայմանավորավծությունների չկատարման և բանակցային գործընթացի հետևողականորեն վիժեցման առնչությամբ: ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հայտարարությանը հետևեցին նաև ԱՄՆ Պետդեպարտամենտի, ԵՄ-ի, ինչպես նաև ՄԱԿ Գլխավոր քարտուղարի՝ խաղաղության և կայունության զսպվածության կոչ պարունակող հայտարարությունները:
Հայկական կողմերը բազմիցս հայտարարել են, որ հետամուտ են խնդրի խաղաղ կարգավորման ուղղությամբ և այդ կապակցությամբ տարվող բանակցությունները պետք է ընթանան տարածաշրջանում կայունության և խաղաղության պայմաններում: իսկ Ադրբեջանի՝ ուժի սպառնալիքով, ռազմատենչ հայտարարություննեով, սահմանային բազմաթիվ միջադեպերով շարունակական փորձերը ոչ միայն դատապարտվում են ձախողման ու արժանի հակահարվածի, այլև իրավիճակը հասցրել են նրան, որ այսօր բուն խնդրի կարգավորման բանակցային գործընթաց գոյություն չունի: Ինչի հետևանքով էլ քաոսային վակուում է առաջացել կարգավորման պրոցեսում:
Ուշագրավ է նաև այն, որ Բաքվում համանախագահների հետ հանդիպման ժամանակ Իլհամ Ալիևը հայկական կողմի զոհերի ու վիրավորների փաստը մեկնաբանում է, իբրև, հայկական կողմի նախահարձակ քայլերի ճնշման արդյունք: Իսկ համանախագահների մեկնելուց հետո հայկական զինուժը պատժիչ գործողությունների արդյունքում գլխից ծանր վիրավորում է ստանում արևելյան ուղղությամբ Ադրբեջանի սադրիչ գործողությունները անձամբ ղեկավարող բրիգադի հրամանատարի տեղակալ, գնդապետ Նադիգ Գուրբանովը: Այս փաստի մասին, ադրբեջանական ՊՆ-ում լռում են:
Իսկ դիվերսոն նեթափանցման փորձի կասեցման ու 4 ադրբեջանական զինվորների զոհվելու մասին լուրերից հետո Բաքվի ՊՆ-ում հերքումների ու ապատեղեկատվություն տարածելու տարափ սկսվեց:
Սկզբում լուրեր տարածվեցին հայկական կողմի դիվերսիոն փորձերի մասին, որպես դրա ապացույց էլ փնթի մոնտաժված տեսանյութ հրապարակվեց իբր «դիվերսանտի» հարցաքննությունից, որում իրականում հոգեկան շեղումներով ոմն Զավեն Կարապետյանն է: Այդ ուղղությամբ տարված ուսումնասիրություններից պարզ է դառնում, որ Զավենը ոչ այլ ոք է, քան հոգեկան շեղումներով գումարի դիմաց անասանապահությամբ զբաղվող մեկը: (Պատկան մարմինները բացատրություն կտան, թե ինչպես է այդ քաղաքացին հայտնվել ադրբեջանական կողմում):
Այդ դեպքից անմիջապես հետո լուսանկարներ տարածվեցին, թե իբր հայկական հարվածային անօդաչու սարք է վնասազերծվել, իսկ լուսանկարներում երևացող սարքը ավելի շատ հիշեցնում է սիրողական «դռոն»-ի մնացորդներ, քան ռազմական հարվածային ԱԹՍ:
Ստացվում է, որ Բաքուն սկսել է աղմկել, իսկ այդ աղմուկի ձայնը գնալով ավելի սաստիկ է լինելու: Ցանկացած արկածախնդրություն առաջինը վնասում է հենց իր հեղինակին:
Մնում է եզրակացնել, որ խաղաղ կարգավորման բանակցային գործընթացի բացակայության պայմաններում, Բաքվի կողմից տարածաշրջանի խաղաղությունն ու կայունությունը անընդմեջ խաթարելուն միտված արկածախնդրությունները լռեցնելու զսպելու միակ ու այլընտրանք չունեցող միջոցները պատժիչ գործողություններն են:
Հարակից հրապարակումներ`
- Թևան Պողոսյան. Միջազգային կառույցների անհասցե հայտարարություններն Ադրբեջանի համար նշանակություն չունեն
- Հակառակորդը դիվերսիա է ձեռնարկել և 4 զոհ կրելով՝ հետ է շպրտվել
- ՊՆ. Հայկական զինուժը դիվերսիա չի իրականացրել և կորուստներ չունի
- Քաղաքագետ. Մինսկի խմբի հայտարարարությունը, մեղմ ասած, հիասթափեցնող էր
- Համանախագահները անհանգստություն են հայտնել հրադադարի վերջին խախտումների վերաբերյալ
- Արցախի ՊՆ. Այսօր առավոտյան Արցախում զինծառայող է զոհվել
- Արցախում հակառակորդի կրակոցներից երեք զինծառայող է զոհվել
- Արցախում հակառակորդի կրակոցից զինծառայող է զոհվել
- Արցախում հակառակորդի կողմից արձակված կրակոցից զինծառայող է զոհվել
- Արցախում հակառակորդի կրակոցից ժամկետային զինծառայող է վիրավորվել
- Արցախում հակառակորդի կրակից պայմանագրային զինծառայող է զոհվել
- Արցախում հակառակորդի կողմից արձակված կրակոցից զինծառայող է զոհվել
- Արցախում հակառակորդի կողմից արձակված կրակոցից զինծառայող է մահացել
- Արցախում հակառակորդի գնդակից զինվոր է մահացել. ԼՂՀ ՊՆ