Խոշոր զորամասերում նախատեսվում է «Թումո» կենտրոններ հիմնել. Վիգեն Սարգսյան
Կառավարության այսօրվա նիստում ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը հայտարարեց, որ աշխատանքներ են տարվում, որպեսզի խոշոր զորամասերում «Թումո» կենտրոններ հիմնեն:
«Ներկայում ինտենսիվ ծրագիր ենք իրականացնում նաև բանակում լրացուցիչ ուսման կազմակերպման նպատակով: Առաջին քայլով աշխատանքներ են տարվում խոշոր զորամասերում «Թումո» կենտրոններ բացել, որպեսզի զինծառայողները կարողանան ՏՏ ոլորտում նախնական պատրաստություն անցնել»,- նշեց պաշտպանության նախարարը:
Վիգեն Սարգսյանի խոսքերով՝ եթե լինեն շահագրգիռ գործընկերներ մյուս ոլորտներում, որոնք կկարողանան նման փոքր ուսումնական կենտրոն հիմնեն, վարժասարք տեղադրեն խոշոր զորամասերում, ապա դա կարող է փոխադարձ շահավետ ու հետաքրքիր ձևաչափ լինել:
«Մենք շահագրգռված ենք, որ բանակում ծառայելու ընթացքում քաղաքացին լրացուցիչ կրթություն ստանա: Կազմակերպություններն էլ անընդհատ թարմացվող անձնակազմի բազա կարող են ունենալ»,- ընդգծեց Վիգեն Սարգսյանը: