Երիտասարդական նվագախմբի առաջիկա համերգը կղեկավարեն Սերգեյ Սմբատյանը և Ֆաբիան Պանիսելլոն
Արամ Խաչատրյան համերգասրահում հունիսի 28-ին Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը հանդես է գալու սիմֆոնիկ համերգով, որի ընթացքում կհնչեն Աարոն Կոպլենդի, Կլոդ Դեբյուսիի, Տակաշի Յոշիմացուի, Ֆաբիան Պանիսելլոյի, ստեղծագործությունները: Որպես մենակատարներ հանդես կգան Յարոսլավ Նադրզիցկին (ջութակ), Մարիա Նեմցովան (դաշնամուր), Վիտալի Վատուլիան (ալտ սաքսոֆոն), Բորիս Ալահվերդյանը (կլարնետ) և Խաչիկ Անդրեասյանը (դաշնամուր)։
Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի հասարակայնության հետ կապերի բաժնի հաղորդմամբ, համերգը կղեկավարեն Սերգեյ Սմբատյանը, ինչպես նաև կոմպոզիտոր, դիրիժոր Ֆաբիան Պանիսելլոն։ Պանիսելլոյի ղեկավարությամբ նվագախումբը կհնչեցնի նրա իսկ ստեղծագործությունները՝ Ջութակի և Դաշնամուրի կոնցերտները, որոնք առաջին անգամ կներկայացվեն հայ ունկնդրին։
Արգենտինան ներկայացնող կոմպոզիտոր Ֆաբիան Պանիսելլոն ժամանակակից ամենապահանջված ու հայտնի ստեղծագործողներից է։ Նրա գործերը ներկայացրել են աշխարհում հայտնի կոլեկտիվներ՝ Բեռլինի սիմֆոնիկ նվագախումբը, BBC սիմֆոնիկ նվագախումբը, Իսպանիայի ազգային և այլ նվագախմբեր ու անվանի արտիստներ։
Որպես դիրիժոր՝ Ֆաբիան Պանիսելլոյի երկացանկում են ինչպես 20-րդ դարի հայտնի ստեղծագործություններ, այնպես էլ բազմաթիվ գործեր, որոնց պրեմիերաները վստահվել են նրան։
Ֆաբիան Պանիսելլոյի և հայտնի մենակատարների մասնակցությամբ երևանյան համերգը կազմակերպվում է Հայաստանում Արգենտինայի դեսպանատան հետ գործընկերությամբ և Adam Mickiewicz Institute-ի աջակցությամբ: