«Հայ հայրիկները նույնքան հոգատար են, որքան մայրիկները»
Երևանի մետրոպոլիտենի «Հանրապետության հրապարակ» կայարանում այսօր բացված «Հայ և շվեդ հայրիկներ» խորագրով ցուցահանդեսը։ Ներկայացված է երկու տարբեր ցուցադրություն՝ «Հայ հայրիկներ» և «Շվեդ հայրիկներ»։ «Հայ հայրիկներ» նախագիծը նախաձեռնել է ֆիլմերի պրոդյուսեր, չորս երեխայի հայր Րաֆֆի Նիզիբլյանը՝ ոգեշնչվելով շվեդ լուսանկարիչ Յուհան Բևմանի՝ «Շվեդ հայրիկներ» խորագրով ցուցադրությունից, որը այն շվեդ հայրիկների մասին է, ովքեր իրենց երեխաներին խնամելու համար արձակուրդ էին վերցրել։
«Երեխաների մասին հոգ տանելը հավասարապես նաև հոր պատասխանատվությունն է։ Այս լուսանկարներում պատկերված հայրերը ցույց են տալիս, թե ինչպես են ժամանակ անցկացնում իրենց երեխաների հետ, կերակրում ու կրթում նրանց, որպեսզի երեխաները մեծանան և դառնան հավասարակշռված անձինք և ներդրում ունենան իրենց հայրենիքում»,-լրագրողների հետ զրույցում նշեց Նիզիբլյանը։
Բացմանը ներկա ՀՀ-ում Շվեդիայի դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Մարտին Ֆրեդրիքսոնի խոսքով՝ այս ցուցահանդեսը շատ խորը իմաստ ունի. «Ամբողջ աշխարհում այսպիսի խնդիր կա՝ շատ աշխատող ծնողներ մեկ երեխայից ավելի չեն ունենում, որպեսզի կարիերան չտուժի։ Կարծում եմ՝ ծնողական խնամքի իրավունքները հավասարապես պետք է ստանձնեն թե հայրիկները, թե մայրիկները։ Շվեդիայում կա օրենք, որ ծնողները երեխայի ծնվելուց հետո ստանում են 450 օր վճարովի արձակուրդ»։
Նա նշեց, որ շվեդ լուսանկարիչը ևս գտնվել է ծնողական արձակուրդի մեջ։
Հայ հայրերի՝ իրենց երեխաների հետ անցկացրած պահերը ներկայացրել է երկու երեխայի հայր, լուսանկարիչ Արեգ Բալայանը։ Նախագծում ընդգրկված են Երևանում բնակվող հայ հայրերը։
Նախագծի հերոս՝ երկու երեխաների հայր, 36 տարեկան Սերգեյ Թանթուշյանը Panorama.am-ի հետ զրույցում պատմեց, որ աշխատանքը իրեն չի խանգարում կնոջ հետ միասին խնամել երկու որդիներին։
«Դասավանդում եմ Ամերիկյան համալսարանում, սակայն գործի հետ միասին երեխաների մասին հոգ տանել էլ եմ հասցնում։ Ոչ մի ընտանիքում միայն մայրը չի հոգ տանում ու խնամում երեխային, դա ուղղակի ահավոր կարծրատիպ է, որին կարծես անընդհատ սնում ենք։ Իրականում բոլոր ընտանիքներում, հավատացնում եմ ձեզ, կլինի ավանդական թե շատ ժամանակակից, հավասար է ծնողական խնամքը, եթե այդպես չլինի, ընտանիքը երկար չի ապրի»,-ասաց նա։
Մեր զրուցակցի կարծիքով՝ 21-րդ դարում ծնողից երեխային ամենամեծ պատգամը պետք է լինի՝ «արա այն, ինչը քեզ երջանիկ կդարձնի»։
Նշենք, որ ցուցահանդեսը նախորդ շաբաթ ներկայացվել է Հայաստանի ազգային պատկերասրահում, սակայն թեման հասարակության ավելի լայն զանգվածներին ներկայացնելու համար կազմակերպիչները որպես ցուցահանդեսի անցկացման վայր ընտրել են Երևանի մետրոպոլիտենը։ Այն կշարունակվի մինչև հուլիսի 8-ը։
Հարակից հրապարակումներ`
- Հենրիխ Մխիթարյանը, Արսեն Ջուլֆալակյանը միանում են ՅՈՒՆԻՍԵՖ-ի գլոբալ «Սուպեր հայրիկներ» հանրային արշավին
- Կփորձեմ մեղմ ծնող լինել. Հենրիխ Մխիթարյան