Հունաստանը դատապարտել է Ստամբուլի Սբ. Սոֆիա տաճարում մահմեդական արարողության անցկացումը
Հունաստանի արտգործնախարարությունը քննադատել է մի քանի օր առաջ Թուրքիայի կրոնական ներկայացուցիչների կողմից Ստամբուլում գտնվող Այա Սոֆիայում (Սուրբ Սոֆիայի տաճար) մուսուլմանական Ռամադան ամսի «նախախնամության գիշեր» կոչվող արարողության անցկացման համար: Գրում է «Էրմենիհաբեր»-ը:
«Դատապարտում ենք Սբ. Սոֆիայի տաճարում Թուրքիայի Կրոնական գործերի նախարարի մասնակցությամբ արարողության անցկացումը, որի ընթացքում Ղուրան է կարդացվել, նամազ է արվել և այդ ամենը հեռարձակվել է պետական հեռուստատեսությամբ»,-ասվում է Հունաստանի արտաքին գործերի նախարարության կողմից արված հայտարարության մեջ:
Արտգործնախարարության մեջ մասնավորապես ասվում է նաև, որ Սբ. Սոֆիայի տաճարը հանդիսանում է UNESCO-ի մշակութային ժառանգություններից մեկը: Այն մզկիթ վերածելու փորձը՝ մասնավորապես Ղուրան ընթերցումը, վիրավորում է միջազգային քրիստոնյա հանրությանը: Վերջինիս կոչ է արվել, որ տեղի ունեցածի կապակցությամբ համապատասխան գնահատական տա:
«Թուրքիային կոչ ենք անում, որ ցուցաբերի ժամանակակից և ժողովրդավար երկրին հարիր վերաբերմունք և պահպանի ոչ միայն Այա Սոֆիայի էկումենիկ խորհուրդը, այլև հարգանք ցուցաբերի համաշխարային հուշարձանների նկատմամբ»,-հավելվել է հայտարարության մեջ:
Սբ. Սոֆիան բյուզանդական կայսրության գլխավոր քրիստոնեական տաճարն է եղել և հանդիսացել է Կ.Պոլսի պատրիարքի նստավայրը։ Բյուզանդիայի մայրաքաղաքի գրավումից հետո ծառայել է որպես մզկիթ, ներկայումս` թանգարան է։ Իր ներկա տեսքով կառուցվել է 532-537թթ. Հուստինիանոս I կայսեր նախաձեռնությամբ՝ ճարտարապետներ Իսիդոր Միլեթացու և Անթիմիոս Թրալացու կողմից:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան