Վայոց ձորում նախատեսվում է բացել ժայռապատկերների թանգարան
Վայոց ձորի մարզի Հերմոն համայնքում «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի` սեփականության իրավունքով վերջերս ձեռք բերած տարածքը հիմնանորոգման կարիք ունի: Նախատեսվում է նորոգումից հետո այն դարձնել գիտական կենտրոն, որին կից բացել նաև ժայռապատկերների թանգարան, ցուցանմուշների մի մասն էլ բացօթյա ցուցադրությամբ ներկայացնել այցելուներին: Մարզում հաշվառված է 5000-ից ավելի ժայռապատկեր:
«Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի հաղորդմամբ, ՊՈԱԿի-ի տնօրեն Արա Թարվերդյանը Վայոց ձորի մարզ այցի ընթացքում մարզային ծառայության պետի հետ քննարկել է այս նախաձեռնությունը կյանքի կոչելուն առնչվող հարցեր:
Այցի ընթացքում ՊՈԱԿ-ի տնօրենը, տնօրենի` գիտական աշխատանքների գծով տեղակալ Կարեն Փահլևանյանը Վայոց ձորի մարզային ծառայության պետ Մելանյա Դովլաթյանի ուղեկցությամբ այցելել են մարզի նաև այլ հուշարձանների տարածքներ` ծանոթացել պահպանությանն առնչվող խնդիրներին:
Վերնաշեն համայնքից 7 կմ հյուսիս, լեռան լանջին բազմած Սպիտակավոր վանական համալիրի /պետ. ցուցիչ` 9. 15. 4/ տարածք վերջերս կենդանիների մուտք էր արձանագրվել: Մարզային ծառայության պատասխանատուները անմիջապես ձեռնամուխ էին եղել հուշարձանի տարածքի սանիտարական մաքրման աշխատանքներին: ՊՈԱԿ-ի տնօրենը տեղում ծանոթացավ իրավիճակին ու մարզային ծառայության պետի հետ քննարկեց խնդրի լուծման հնարավոր տարբերակները:
Առաջիկայում նախատեսվում է հուշարձանի տարածքն օրենքով սահմանված կարգով ցանկապատել: Եղեգնաձորի բնակիչներից մեկն էլ հայտնել է ֆինանսական աջակցության պատրաստակամության մասին: ՊՈԱԿ-ի տնօրենի խոսքով, հնարավորինս աչքի չզարնվող ցանկապատը կբացառի կենդանիների մուտքը 14-րդ դարի կառույցի տարածք:
Եղեգիս համայնքի արևմտյան եզրին է գտնվում Սուրբ Աստվածածին երկու զույգ մույթերով, եռանավ բազիլիկ տիպի, թաղածածկ եկեղեցին: Մարզային ծառայության պետի ներկայացմամբ, եկեղեցու տանիքը նորոգման կարիք ունի, որովհետև անձրևաջրերը ներս են լցվում` վտանգելով հուշարձանի անխաթարությունը:
ՊՈԱԿ-ի տնօրեն Արա Թարվերդյանն Արատեսի վանական համալիրում էլ ծանոթացել է այդ հուշարձանի պահպանությանն առնչվող խնդիրներին: Մելանյա Դովլաթյանը ներկայացրել է, որ ժամանակին հուշարձանի թափված քարերի հաշվառում ու համարակալում է կատարվել:
Միջնադարյան հայկական ճարտարապետության այս հուշարձանախումբը բաղկացած է մի քանի մատուռից, Ս. Սիոն, Ս. Աստվածածին եկեղեցիներից և երկու գավիթներից: Ենթադրվում է, որ հուշարձանը հիմնադրվել է VII դ., թեև ամենահին գրավոր տեղեկությունը վերաբերում է IX դ.:
Հայաստանում հրեական համայնքի մշակութային ժառանգության պահպանության լավագույն վկայությունը Եղեգիս գետի ձախ ափին գտնվող և 1,5 հազ. քմ տարածք զբաղեցնող հրեական գերեզմանոցն է: Արա Թարվերդյանը տեղում ծանոթացել է նաև այս հուշարձանի և դրա հարակից տարածքի առկա խնդիրներին:
Լուսանկարները՝ ՊՈԱԿ-ի պաշտոնական կայքից:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում