Մահացել է ՀՀ ժողովրդական արտիստ Ռուբեն Գևորգյանցը
Այսօր 72 տարեկանում կյանքից հեռացել է կինոռեժիսոր, ՀՀ ժողովրդական արտիստ Ռուբեն Գևորգյանցը: Մշակույթի նախարարության հաղորդմամբ, Ռուբեն Գևորգյանցի մահվան կապակցությամբ կստեղծվի թաղման կառավարական հանձնաժողով:
Ռուբեն Գևորգյանցը ծնվել է 1945 թ. նոյեմբերի 30-ին Երևանում: 1968 թվականին ավարտել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտի ռեժիսորական ֆակուլտետը։ 1971 թվականին աշխատել է Երևանի վավերագրական ֆիլմերի ստուդիայում՝ որպես ռեժիսոր։ 1982-89 թթ եղել է «Հայֆիլմ» կինոստուդիայի վավերագրական ֆիլմերի ստեղծագործական միավորման գեղարվեստական ղեկավարը։ 1989 թվականից փաստավավերագրական ֆիլմերի «Հայկ» կինոստուդիայի տնօրենն ու գեղարվեստական ղեկավարն է, 2004 թվականից՝ Կինոյի և հեռուստատեսության ազգային ակադեմիայի նախագահն է, 2005 թվականից՝ Հայաստանի Կինեմատոգրաֆիստների միության նախագահը։ 1982թ. արժանացել է Հայաստանի արվեստի վաստակավոր գործչի, 2006թ.` Հայաստանի ժողովրդական արտիստի կոչման:
Նկարահանել է շուրջ 70 ֆիլմ` «Ներսիսյանցիները» (1968թ.), «Մի լուսանկարի հետքերով» (1970թ.), «Ներշնչանք» (1972թ.), «Ամենալավ մարդը» («Վերադարձի ուղին» նովել, 1979թ.), «Աշխարհումս» (1979-89թթ), «Բարի հետք» (1980թ.), «Հայկական աչքեր» (1980թ.), «Գիշերվա մեջ առկայծող կրակը» (1983թ.), «Քանի դեռ ապրում ենք» (1986թ.), «Կղզիներ» (1987թ.), «Սպիտակ ոսկոր» (1988թ.), «Ռեքվիեմ» (1989թ.), «Քույրիկը Լոս Անջելեսից» (1994թ.), «Գողը» (1995թ.), «Փարաջանով` վերջին կոլաժ» (1995թ.), «Մեր Կոմանդոսը» (2000թ.), «Քարեր ժողովելու ժամանակը» (2002թ.), «Հրաշագործի աշունը» (2008թ.) և այլն: Մասնակցել է բազմաթիվ հայկական և միջազգային կինոփառատոների և արժանացել 21 դիպլոմի և մրցանակների, որոնցից 6-ը` գլխավոր: Հեղինակել է 3 գիրք` «Անձրևների ժամանակը», «Արդարացման ժամանակը», «Ժամանակ չկա»: Նկարահանվել է «Վրիժառու» (2008թ.) ֆիլմում: 1981թ. արժանացել է Օբերհաուզենի կինոփառատոնի գլխավոր մրցանակին` «Բարի հետք» ֆիլմի համար:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան