ԵԱՀԿ դիտարկում է անցկացվել Մարտակերտի շրջանի Թալիշ գյուղից դեպի հյուսիս-արևմուտք
Այսօր, Արցախի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, ԵԱՀԿ առաքելությունն Արցախի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացրել Մարտակերտի շրջանի Թալիշ գյուղից դեպի հյուսիս-արևմուտք։
Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումն իրականացրել են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնականներ Գենադիե Պետրիկան (Մոլդովա) և Օգնեն Յովիչը (Բոսնիա և Հերցեգովինա), ինչպես նաև ԵԱՀԿ Բարձր մակարդակի պլանավորման խմբի (ԲՄՊԽ) ներկայացուցիչ փոխգնդապետ Ռալֆ Բոսարդը (Շվեյցարիա)։
ԱՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ շփման գծի հակառակ կողմից դիտարկումն իրականացրել են ԵԱՀԿ ԳՆԱՆ դաշտային օգնական Միխաիլ Օլարուն (Մոլդովա) և անձնական օգնական Սայմոն Թիլերը (Մեծ Բրիտանիա), ինչպես նաև ԵԱՀԿ ԲՄՊԽ ներկայացուցիչ գնդապետ Յուրի Դուդչենկոն (Ռուսաստան)։
Դիտարկումն անցել է ըստ նախատեսված ժամանակացույցի։
Դիտարկման առաքելությանը արցախյան կողմից ուղեկցել են Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարության և պաշտպանության նախարարության ներկայացուցիչները: