Ալեքսանդր Բաղդասարյանի ֆիլմը Բրազիլիայի միջազգային փառատոնում լավագույնն է ճանաչվել
Բրազիլիայի միջազգային կինոփառատոնում ռեժիսոր Ալեքսանդր Բաղդասարյանի «Ճանապարհ» ֆիլմն արժանացել է մրցանակի՝ ճանաչվելով «Լավագույն կարճամետրաժ ֆիլմ»:
«Իմ երկրորդ կուրսի կուրսային աշխատանքն է: 19 տարեկանում եմ նկարել: Տարբեր փառատոների ենք ուղարկել, որոշները մերժել են, որոշներն ընդգրել են նաև կարճ ցուցակում: Բրազիլիայի փառատոնից նամակ ստացա՝ ցանկության դեպքում ներկա լինել մրցանակաբաշխությանը: Գնացի, բայց հույս չունեի, որ մրցանակ կստանամ»,- Panorama.am-ին զրույցում ասաց 23-ամյա ռեժիսոր Ալեքսանդր Բաղդասարյանը:
Նա Ռիո դե Ժանեյրո հասել է հենց մրցանակաբաշխության օրը: Իր ֆիլմի ցուցադրությանն այնտեղ չի եղել:
«Բայց ինձ ասացին, որ արձագանքները լավն էին»,- նշեց Ա. Բաղդասարյանը:
Ալեքսանդրը 2011-ին ընդունվել է Երևանի կինոյի և թատրոնի պետական ինստիտուտի կինոռեժիսուրայի բաժին (Էդգար Բաղդասարյանի արվեստանոց): 24 րոպեանոց ֆիլմը նկարահանվել է 2014 թվականին: Ֆիլմի նկարահանման վրա ընդամենը 150 դոլար է ծախսվել: Ֆիլմի սցենարիստն է Էդգար Բաղդասարյանը, բեմադրող օպերատորը՝ Մկրտիչ Բարոյանը: Գլխավոր դերակատարներ՝ Արամ Կարախանյան, Բաբկեն Չոբանյան, Արտյոմ Ազարյան, Տրդատ Մակարյան:
Ֆիլմը 2014 թվականին ազգային «Հայակ» մրցանակաբաշխությունում ճանաչվել է «Լավագույն դեբյուտ կամ տարվա հայտնություն» ֆիլմը, «Ռոլան» մանկապատանեկան կինոյի փառատոնում՝ «Լավագույն դեբյուտային աշխատանք»:
Ա. Բաղդասարյանն ասաց, որ այժմ աշխատում է կարճամետրաժ, խաղարկային ֆիլմի վրա, որը տարբերվելու է «Ճանապարհ»-ից:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին