Առաջարկվում է փոխել Սևանա լճից բացթողումների չափաքանակը
Գործադիրն այսօրվա նիստում հավանություն տվեց «Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծին, որը սահմանված կարգով կներկայացվի Ազգային ժողով:
Նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է Սևան-Հրազդան դերիվացիոն համակարգից սնվող ոռոգման համակարգերի իշխման տակ ընկած հողերի ոռոգման ջրապահովության դեֆիցիտը մասնակի մեղմելու/ջրապահովվածությունը բարձրացնելու անհրաժեշտությամբ:
Անհրաժեշտ է փոխել օրենքով սահմանված ոռոգման նպատակով լճից 2017 թվականի բացթողման 170 մլն մ3 չափաքանակը՝ այն դարձնելով մինչև 270 մլն մ3, ինչը ունի համապատասխան հիմնավորումներ: Տնտեսական առումով, ակնկալվում է, որ լրացուցիչ մինչև 100 մլն մ3 ծավալով ջրբացթողման ավելացումը կբերի մեխանիկական ջրարտադրությունն ինքնահոսով փոխարինման արդյունքում էլեկտրաէներգիայի 1.2 մլրդ դրամ ծախսի տնտեսման: Մուլտիպլիկատիվ էֆեկտի առումով, ակնկալվում է, որ լճից մինչև լրացուցիչ 100 մլն մ3 ծավալով ջրբացթողնման ավելացումը, ըստ նախնական գնահատականների, հնարավորություն կտա Սևան-Հրազդան դերիվացիոն համակարգի ՀԷԿ-երում լրացուցիչ արտադրել ևս շուրջ 97 մլն կՎտ.ժամ էլեկտրաէներգիա:
Ըստ մասնագետների գնահատականների, լրացուցիչ ջրբացթողումները լճի վրա բացասական ազդեցություն չեն ունենա: Նախագծի նպատակն է՝ ոռոգում իրականացնող կազմակերպությունների մոտ մեխանիկական ջրարտադրության փոխարինում ինքնահոսով և էլեկտրաէներգիայի մասով նոր պարտքերի չձևավորում:
ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը նախագիծը լրացուցիչ քննարկելու համար խնդրեց 2 օր ժամանակ, սակայն Կարեն Կարապետյանը կտրուկ արձագանքեց. «Ոչ»։
Այնուհետև վարչապետն ավելացրեց. «Կոմիտեներին և նախանիստերին Դուք քննարկելու ժամանակ ունեիք: Ասել ենք, որ այդ պրակտիկան դադարեցրեք, խիստ անհրաժեշտ դեպքերում դա արեք: Մենք մի օր պետք է դա դադարեցնենք: Մեկ օր Ձեզ ժամանակ»:
Կարեն Կարապետյանը Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Արսեն Հարությունյանից հետաքրքրվեց՝ արդյոք Սևանա լճի մակարդակն ավելի առաջանցիկ տեմպերով է բարձրանում, քան կառավարության ծրագրով մինչև 2030 թվականը նախատեսված է և ստացավ դրական պատասխան: Վարչապետը նշեց, որ դա հնարավորություն է տալիս անհրաժեշտության դեպքում, պայմանավորված եղանակային, տնտեսական պայմաններով, կատարել լրացուցիչ ջրառ:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան