Եղվարդում Գագիկ Խաչատրյանի և նրա որդիների կողմից կառուցվող եկեղեցին պատրաստ է. «Հրապարակ»
Եղվարդում Գագիկ Խաչատրյանի կառուցած եկեղեցու աշխատանքներն ավարտվել են, բայց եկեղեցին չի բացվել։ Անցած կիրակի մեծ շուքով պետք է բացվեր Սբ. Սարգիս եկեղեցին, որը երկար տարիներ կառուցում են ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանն ու նրա որդիները՝ Գուրգեն և Արտյոմ Խաչատրյանները, սակայն եկեղեցու բացումը դեռ չի կայացել, ու անորոշ է, թե երբ կլինի:
Եղվարդի քաղաքապետարանից «Հրապարակ»-ին հայտնել են, որ իրենք էլ չգիտեն, թե երբ կբացվի եկեղեցին. «Աշխատանքները վերջացել են, մի փոքր բարեկարգման աշխատանքներ են մնացել, բայց դա կապ չունի եկեղեցու բացման հետ, իսկ թե երբ կբացվի, հստակ չգիտենք»:
Թերթը նշել է, որ Սբ. Սարգիս նոր եկեղեցու հիմնարկեքը կատարվել է 2012-ին՝ Կոտայքի և Արարատյան թեմերի առաջնորդների գլխավորությամբ: Այն գտնվում է քաղաքի արևմտյան ծայրին: Ճարտարապետը Հրաչյա Գալստյանն է: