«Երևանյան տարեգրություն» աբստրակտ կտավը՝ ավազից, տուֆի փոշուց, հող ու ջրից
«Երևանյան ամառ 2017» եռամսյա միջոցառումների ծրագրով մայրաքաղաքի Մարտիրոս Սարյանի անվան պուրակում անցկացվել է «Երևանյան գեղանկար» խորագրով արդեն ավանդական դարձած միջոցառումը: Քաղաքապետարանի հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ այս անգամ միջոցառման ընթացքում ամերիկահայ աբստրակցիոնիստ և պերֆորմանիստ Նարինե Իսաջանյանը մի քանի ժամվա ընթացքում կտավի վրա ստեղծել է «Երևանյան տարեգրություն» աբստրակտ ոճի ստեղծագործությունը:
Որպես աշխատանքային հումք օգտագործվել է ավազ, տուֆ քարի փոշի, հող և ջուր: Կտավի ստեղծման ընթացքին տեղում հետևել է նաև Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը:
Ներկայացնելով ստեղծագործելու իր ոճը՝ Նարինե Իսաջանյանը նշել է, որ շուրջ 10 տարի է, ինչ գունապնակի փոխարեն նախապատվությունը տալիս է բնական ու պաստելային գույներին՝ համարելով, որ դրանք ավելի անմիջական և անկեղծ են տեղ հասցնում ստեղծագործության ասելիքը:
Միջոցառման ժամանակ կազմակերպվել է նաև վարպետաց դաս` Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող արվեստի դպրոցների, մանկապատանեկան ստեղծագործության կենտրոնների պատանի նկարիչների համար: