Մեր օրհներգի երաժշտությունը շատ լավն է, փոխել պետք չէ. բանաստեղծ
«Ներկայիս օրհներգի առաջին տան վերջին երկու տողերը, որտեղ որ գրված է «յուր որդիքը արդ կանչում են, ազատ անկախ Հայաստան», տողերը ժամանակի հետ չեն քայլում, չեն համապատասխանում»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց բանաստեղծ Աշոտ Թովմասյանը։
Պատճառը բանաստեղծն այսպես է բացատրում. «Պետք փոխվի, քանի որ ստացվում է մենք անկախ չենք, դեռ կանչում ենք անկախ Հայաստան, միայն այս երկու տողը, մնացածի մասին բան չեմ կարող ասել»։
Նրա խոսքով՝ մեր օրհներգի երաժշտությունը շատ լավն է. «Կան կոմպոզիտորներ, որ ասում են այդ երաժշտությունը պետք է փոխվի, պարզ է հասարակ է, երեխայի երաժշտություն է։ Բա ավելի լավ, մանկապարտեզի երեխաներն էլ կարող են ընկալել այդ երաժշտությունը, շատ լավ երաժշտություն է, դրա փոփոխման կարիք ես չեմ զգում»։
Բանաստեղծը ներկայացրեց նաև իր կողմից գրված հիմնի բառերի երեք տարբերակներ, որոնց երկուսը նույն երաժշտության հիման վրա, մեկը՝ երաժշտության փոփոխությամբ, սակայն ևս մեկ անգամ շեշտեց, որ ներկայիս օրհներգի երաժշտությունը փոփոխել պետք չէ։
Աշոտ Թովմասյանը ասուլիսի ժամանակ ներկայիս օրհներգի երաժշտությամբ կատարեց իր գրած բառերով տարբերակներից մեկի մի քառատող, որն այսպես էր.
«Հայաստանն իր գիտությամբ ողջ աշխարհը պիտ տիրի,
Ու հայը իր գաղափարով առաջինը պիտ լինի,
Հայոց լեզուն, ողջ աշխարհում պիտի պաշտեն բոլորը,
Ու պիտի գա երկրագնդի դրախտային վառ օրը»։
Լրագրողների դիտարկմանը, թե արդյոք չի համարում, որ սա ավելի շատ ազգայնական է, նա ասաց, որ նման արձագանք չի բացառում, բայց սա ողջ աշխարհի հայության համար է և սա ընդամենը իր առաջարկություն է։
Նա նշեց, որ մյուս տարբերակը ավարտվում է . «Ժպտա, Հայաստան, ժպտա խոսքերով»։
Բանաստեղծը հավելեց, որ պատրաստ է իր ստեղծած աշխատանքները ներկայացնել ստեղծված հատուկ հանձնաժողովին։
Հարակից հրապարակումներ`
- Օրհներգը պետք է ունենա ժողովրդին ոգեպնդող խոսք. Գրականագետ
- Մշակույթի նախարարն ուզում է, որ Հայաստանի հիմնը փոխվի. ՀԺ