2016թ-ի տնտեսական աճին հիմնականում նպաստել է արտահանումը. Արթուր Ջավադյան
2016 թվականին ՀՀ տնտեսության ակտիվության դանդաղումը պայմանավորված էր գյուղատնտեսության և շինարարության ճյուղերի իրական ծավալների նվազմամբ: Այս մասին Ազգային ժողովում ասաց ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը՝ ներկայացնելով 2016թ-ի բյուջեի կատարման հաշվետվության վերաբերյալ Կենտրոնական բանկի եզրակացությունը:
Նրա խոսքերով՝ տարվա ընթացքում տնտեսական աճը կազմել է 0.2 տոկոս՝ նախորդ տարվա 3.2 տոկոսի և տարվա համար կանխատեսված 2.2 տոկոս ցուցանիշի դիմաց:
Այնուհանդերձ, ըստ Արթուր Ջավադյանի, դրական զարգացումներ են արձանագրվել արդյունաբերության և ծառայությունների ճյուղերում, որոնց իրական աճը կազմել է համապատասխանաբար 5.1 և 4.1 տոկոս:
«Հայաստանի տնտեսության ակտիվության դանդաղումը հիմնականում պայմանավորված էր վերջին տարիների ընթացքում ներքին և օտարերկրյա զուտ ներդրումների կրճատմամբ, պղնձի և հանքահումքային ապրանքների միջազգային գների նվազմամբ, ինչպես նաև ՌԴ-ից դրամական փոխանցումների նվազման հետևանքով տնային տնտեսությունների կողմից տնօրինվող եկամուտների կրճատման ազդեցությամբ»,- ասաց ԿԲ նախագահը:
Ըստ նրա՝ 2016 թ. մասնավոր ներդրումների միջավայրը շարունակել է մնալ թույլ, մինչդեռ մասնավոր սպառման մասով նկատվել են աճի վերականգման միտումներ: Բացի այդ, 2016 թ. ցածր գնաճային միտումները նպաստել են գնաճային սպասումների նվազմանը, ինչն արտացոլվել է շուկայական տոկոսադրույքների մակարդակում: Արդյունքում, ինչպես նշեց ԿԲ նախագահը, նվազել են ինչպես պետական պարտատոմսերի եկամտաբերությունը, այնպես էլ վարկավորման տոկոսադրույքները:
«Հարկաբյուջետային ընդհանուր քաղաքականությունը իրականացվել է և պետական սպառման, և պետական կապիտալ ներդրումների աճի ուղղությամբ, որի արդյունքում 2016-ին պետբյուջեի պակասուրդը ՀՆԱ-ում 2 տոկոսային կետով գերազանցել է տարվա համար նախանշված մակարդակը՝ կազմելով ՀՆԱ-ի 5.5 տոկոսը»,- նշեց Արթուր Ջավադյանը:
2016 թ. տնտեսական աճին շարունակել է հիմնականում նպաստել զուտ արտահանումը՝ շնորհիվ ներմուծման նկատմամբ արտահանման զգալի առաջանցիկ աճի: Արդյունքում, ըստ նրա, ապահովվել է երկրի արտաքին հաշվեկշռվածությունը և ընթացիկ հաշվի պակասուրդը պահպանվել է նախորդ տարվա նույն՝ ՀՆԱ-ում 2.7 տոկոս մակարդակում:
Այսպիսով, ըստ Արթուր Ջավադյանի, 2016 թ-ին պետբյուջեի պակասուրդը կազմել է 278 միլիարդ դրամ՝ նախատեսված 180 միլիարդ դրամի դիմաց: «Պետական պակասուրդի աճը, բնականաբար, անդրադարձել է պետական պարտքի վրա և հանգեցրել է պետական պարտք-ՀՆԱ հարաբերակցության աճի: Պետական պարտք-ՀՆԱ հարաբերակցությունը կազմել է 56.7 տոկոս: Այս պարագայում 2017 թ հարկաբյուջետային քաղաքականությունը սահմանափակված է պետական պակասուրդի հարկաբյուջետային կանոնով, որի հետևողական պահպանումը չափազանց կարևոր է պետական պարտքի կառավարելիությունը և մակրոտնտեսական կայունությունը ապահովելու տեսանկյունից»,- նշեց ԿԲ նախագահը: