Արցախում երեք ամսում 36 հիվանդ է ստենտավորվել
Այս տարվա առաջին եռամսյակում Արցախի Հանրապետության առողջապահության նախարարության Հանրապետական բժշկական կենտրոնի Անգիոգրաֆիայի բաժանմունք է դիմել 122 հիվանդ. 94 հիվանդ ենթարկվել է կորոնար անոթների անգիոգրաֆիայի, 36 հիվանդի տեղադրվել է 42 ստենտ:
ԱՀ Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ սրտի անհետաձգելի վիրահատության Stent for life ծրագրով, 1 ոչ դեղածածկ ստենտ է տեղադրվում պետպատվերի շրջանակում: Հունվար, փետրվար, մարտ ամիսներին այդ ծրագրով 26 հիվանդի կատարվել է կորոնար անոթների անգիոպլաստիկա:
Աղբյուրի փոխանցմամբ՝ համաշխարհային վիճակագրությունը փաստում է, որ ստենտավորման դեպքում, հատկապես սուր ինֆարկտների ժամանակ, էականորեն իջնում է մահացության ցուցանիշը: Նոր ծառայության ստեղծումից ի վեր հանրապետությունում 353 սրտամականի սուր ինֆարակտ է գրանցվել, որոնցից 190-ն անմիջապես ստենտավորվել է անգիոգրաֆիկ սարքի միջոցով:
«Առանց խորը մասնագիտական վերլուծությունների էլ ակնհայտ է, որ անգիոգրաֆիկ ծառայության, մասնավորապես ներանոթային կամ ինչպես ընդունված է կոչել ինվազիվ մեթոդի ներդրումն Արցախում մեծագույն քայլ է ինչպես մահացության դեպքերի նվազեցման, այնպես էլ նոր, ժամանակակից մոտեցումներով ախտորոշման և բուժման ուղղությամբ:
Անգիոգրաֆիայի բաժանմունքն աշխատում է 24-ժամյա ռեժիմով, սերտ համագործակցում է առողջության պահպանման առաջնային օղակի և հատկապես շտապօգնության ծառայության հետ : Հաստատված պրոտոկոլների համաձայն սուր ինֆարկտների դեպքում արագ և ճիշտ գնահատվում են հիվանդի վիճակը, և ամենակարճ ժամանակում տեղափոխվում Ստեփանակերտի Հանրապետական բժշկական կենտրոնի Անգիոգրաֆիայի բաժանմունք:
2014 թվականի նոյեմբերի 15-ին Արցախի Հանրապետության առողջապահության նախարարության Հանրապետական բժշկական կենտրոնում բացվել է Անգիոգրաֆիայի բաժանմունքը, որով փաստացի սկիզբ է դրվել ինվազիվ վիրահատական ծառայությունը մեր երկրում:
Մինչ այդ սրտի ինվազիվ վիրահատության կարիք ունեցողները Հայաստան էին մեկնում:
Բաժանմունքում, տեղադրվել է գերմանական «Սիմենս » ընկերության վերջին սերնդի անգիոգրաֆը, որի տեխնիկական հնարավորությունները թույլ են տալիս պարզորոշ տեսնել ցանկացած անոթ, կատարել ներանոթային միջամտություններ՝ անգիոգրաֆիա, ստենտավորում ինչպես սրտի անոթների , այնպես էլ այլ օրգանների: Անգիոգրաֆիայի բաժանմունքում աշխատում են հմուտ բժիշկներ , բուժքույրեր և ռենտգեն- տեխնիկներ, որոնք վերապատրաստվել են Հայաստանում՝ « Էրեբունի » ԲԿ - ի՝ ակադեմիկոս Բագրատ Ալեքյանի անվան Անգիոգրաֆիկ ծառայությունում և Ռուսաստանում՝ Բակուլևի անվան սրտանոթային վիրաբուժության գիտական կենտրոնում»,- ասված է հաղորդագրությունում:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա