Եթե 2015-ի տնտեսական շոկը չլիներ, ԵԱՏՄ-ից հաշվարկած օգուտները կյանքի կկոչվեին. Արամյան
Ազգային ժողովում 2016 թ. պետբյուջեի կատարողականի հաշվետվության քննարկման ժամանակ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հրայր Թովմասյանը ֆինանսների նախարար Վարդան Արամյանից հետաքրքրվեց՝ ԵԱՏՄ անդամակցությունն ի՞նչ տվեց իրականում, և ի՞նչ կշահեր Հայաստանը կամ կկորցներ, եթե ԵԱՏՄ-ին չանդամակցեր:
Վարդան Արամյանը նշեց, որ անդամակցությունից ակնկալվող դրական հաշվարկները կյանքի կկոչվեին, եթե 2015 թվականի ճգնաժամը չլիներ:
«2015թ-ի անկումը խառնում է պատկերը: Եթե այդ տնտեսական շոկը չլիներ, գոյություն ունեցող հաշվարկները կյանքի կկոչվեին»,- ասաց նա:
Ըստ նրա՝ պետք է նայել նաև արտահանման կառուցվածքին. «ՀՀ-ից ԵՄ արտահանումը ավելի շատ է, բայց այդ արտահանման 92%-ը հումքային ապրանքներ են, հիմնականում` պղինձ, մնացածը միայն պատրաստի արտադրանք է: Մինչդեռ ԵԱՏՄ անդամ երկրներ, մասնավորապես՝ Ռուսաստան, մենք հիմնականում արտահանում ենք պատրաստի արտադրանք»։
Վարդան Արամյանի խոսքերով՝ Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելուց առաջ կառավարությունը հաշվարկներ է իրականացրել, թե ինչ օգուտներ է ունենալու այդ անդամակցությունից: Վերլուծությունները ցույց են տվել, որ ԵԱՏՄ-ին անդամակցության դեպքում տնտեսական լրացուցիչ էֆեկտը կլիներ 2.2 տոկոս, որից 1.4 տոկոսային կետը գալիս է գազի սակագնից:
Նա նաև նշեց, որ 2014 թվականին հավաքել են 48 մլրդ դրամ մաքսատուրք, դրանից հետո 2015 թվականին՝ 18-19 մլրդ դրամով ավելի մաքսատուրք: Ըստ Վարդան Արամյանի՝ 2016թ-ին ծրագրված էր Հայաստանում հավաքել 67 մլրդ դրամ մաքսատուրք, բայց 55 մլրդ է հավաքվել:
«2015 թվականի ճգնաժամը մի փոքր խառնեց պատկերը: Թեպետ, ես վստահեցնում եմ, որ եթե նույնիսկ մենք անդամակցած չլինեինք ԵԱՏՄ-ին, կունենայինք շատ ավելի խորը խնդիր, և 3.2 տոկոս տնտեսական աճի փոխարեն 2015 թվականին մոտ մեկ տոկոսով ցածր տնտեսական աճ կունենայինք»- ասաց նախարարը՝ միաժամանակ հավելելով, որ 2016թ. Հայաստանից Ռուսաստան արտահանումը շուրջ 50 տոկոսով աճել է:
Այսինքն, ըստ Վարդան Արամյանի, երբ Ռուսաստանի տնտեսությունը կարգավորվեց, իսկ մեր տնտեսավարողները հարմարվեցին խաղի նոր կանոններին, մենք այստեղ անմիջապես աճ ունեցանք. «Այս տեսանկյունից կարող ենք ասել, որ Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելուց մենք դրական էֆեկտներ ունենք»:
Հարակից հրապարակումներ`
- Ընթացիկ ծախսերի մասով պետք է կամաց-կամաց գոտիները ձգենք. Վարդան Արամյան
- Մենք շարունակելու ենք պարտք վերցնել. Վարդան Արամյան
- Հայաստանի պետական պարտքը 2016 թվականին կազմել է 5.9 միլիարդ դոլար. Վարդան Արամյան
- ԱԺ հանձնաժողովները քննարկում են 2016 թվականի բյուջեի տարեկան հաշվետվությունը