Պատանի վիրտուոզ դաշնակահար Դմիտրի Իշխանովը հանդես կգա Երիտասարդական նվագախմբի հետ
Արամ Խաչատրյան համերգասրահում հուլիսի 1-ին Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի հետ ելույթ կունենա պատանի դաշնակահար Դմիտրի Իշխանովը (Մալթա)։ Նրան անվանում են դասական աշխարհի հրաշամանուկ։ Հանդես է եկել աշխարհի մեծ բեմերում։ Նրան հոտնկայս ծափահարել է ամենախստապահանջ հանդիսատեսը։
12-ամյա Դմիտրի Իշխանովը բազմաթիվ միջազգային մրցույթների դափնեկիր է։ Նա 2012-ին Ֆրանկֆուրտում կայացած դաշնակահարների միջազգային Golden Key մրցույթում ստացել է առաջին մրցանակ, այնուհետև հատուկ մրցանակ՝ Մալթայի Violin & Friends մրցույթում: Citta di Barletta մրցույթում՝ առաջին մրցանակ, փարիզյան Flame-ում՝ երկրորդ և այլն:
Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի հասարակայնության հետ կապերի բաժնի հաղորդմամբ, դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ երեկոյի ընթացքում Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը կկատարի Վարդան Աճեմյանի 3-րդ սիմֆոնիան լարային նվագախմբի համար, Դմիտրի Կաբալևսկու Դաշնամուրի թիվ 3 կոնցերտը (մենակատար՝ Դմիտրի Իշխանով)։