
Սաակաշվիլիի կուսակցությունը Թբիլիսիի քաղաքապետի պաշտոնում առաջադրել է հաղորդավարի թեկնածությունը
Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի ղեկավարած ընդդիմադիր կուսակցությունը՝ «Միասնական ազգային շարժումը», Թբիլիսիի քաղաքապետի պաշտոնի համար առաջադրել է «Ռուսթավի 2» հեռուստաընկերության նորությունների թողարկման հաղորդավար Զաալ Ուդումաշվիլիի թեկնածությունը։ Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին։
Անցած շաբաթ նա Կիևում հանդիպել է Սաակաշվիլիի հետ։ Թբիլիսի վերադառնալուց հետո Ուդումաշվիլին հայտնել է, որ նախկին նախագահից առաջարկ է ստացել առաջադրվել մայրաքաղաքի քաղաքապետի պաշտոնում։
«Ես ընդունում եմ մարտահրավերը և միանում եմ Թբիլիսին փրկելու որոշիչ մարտին։ Այսքան տարիների ընթացքում դուք ձեր տներում լսել եք ինձ։ Եկել է ձեզ լսելու ժամանակը, լսելու և իմանալու՝ ինչի կարիք ունեք ավելի լավ ապրելու համար»,- հայտարարել է թեկնածուն։