
Հայաստանի պետական պարտքը 2016 թվականին կազմել է 5.9 միլիարդ դոլար. Վարդան Արամյան
Ճշգրտված տվյալներով Հայաստանի պետական պարտքը 2016 թվականին կազմել է 5.9 միլիարդ դոլար: Այս մասին այսօր Ազգային ժողովում 2016թ-ի պետական բյուջեի կատարման հաշվետվության քննարկման ժամանակ ասաց ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը՝ հավելելով, որ դրանից 5.4 միլիարդը կառավարության պարտքն է, 505 միլիոն դոլարը՝ Կենտրոնական բանկի:
Նրա խոսքերով՝ ՀՀ արտաքին պարտքը կազմում է 4.3 միլիարդ դոլար, ներքին պարտքը՝ 1 միլիարդ 137 միլիոն դոլար: «Երաշխիքներով տրված վարկերը, որոնք հիմնականում Կենտրոնական բանկի միջոցով տրված վարկերն են, կազմել են 146 միլիոն դոլար»,- ասաց նախարարը:
Վարդան Արամյանը հայտնեց, որ Հայաստանի անվանական պարտքը չի ավելացել, սակայն եղել է փոխարժեքի շուրջ 17 տոկոս արժեզրկում, ինչը հանգեցել է պարտքի աճի:
«2015-2016 թթ. մեզ մոտ պարտքի զգալի աճ կա: Արտաքին պարտքը, որ մենք 2015-2016 թթ-ին վերցրել ենք, կազմել է 910 միլիոն դոլար: Դա գրեթե նույնքան գումար է, որքան մենք այդ ընթացքում տրանսֆերտների կորուստներ ունեցանք: Ուստի, եթե չվերցնեինք այս պարտքը, դա ոչ միայն կհանգեցներ տնտեսական ավելի ցածր ցուցանիշների ու անկման, այլ նաև ճնշումներ կլինեին արտարժույթի շուկայում»,- նշեց Վարդան Արամյանը` հավելելով, որ 2016 թվականի Հայաստանի պարտքի ծավալի մեջ մեծացել է ներքին պարտքը:
Նախարարը նաև նշեց, որ Հայաստանը նվազ պարտքի բեռ ունեցող երկրների սահմանագծից ներքև է, դեռևս չի մտել միջին պարտքի բեռ ունեցող երկրների մեջ:
Լրահոս
Տեսանյութեր

Մենք ԵԱՏՄ անդամ ենք, դուք արդեն իսկ ամուսնացած մարդու եք մոտեցել. Մամիջանյանը՝ ԵԽ պատգամավորին