Սևանա լճի մակարդակի իջեցումը կբերի անխուսափելի ճահճացման. մասնագետ
Սևանա լճից ջրի բացթողման տարեկան թուլատրելի քանակությունը 170 միլիոն խորանարդ մետրն է, մինչդեռ այս տարի նախատեսվում է 270 միլիոն խ/մ ջրի բացթողում: Սա չի կարող անհետևանք մնալ, կբերի լճի բացասական հաշվեկշռի և ջրի մակարդակի իջեցման: Այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց ԳԱԱ կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի տնօրեն Բարդուղ Գաբրիելյանը:
«Վերջին տարիների ուսումնասիրությունները ցույց են տվել, որ ի հաշիվ լվացվող ափերի՝ Սևանա լճում կենսածին տարրերը և օրգանական նյութերն ավելացել են: Վիճակը մոտ է 1970- ական թվականներին, երբ տեղի էր ունենում լճի ճահճացում: Այսօր ճահճացումից փրկում է միայն ջրի մակարդակի բարձրացումը: Եթե Սևանի մակարդակն իջնի, կխթանենք ճահճացման գործընթացը: Տարիների աշխատանքը ջուրը կլցվի: Բացի այդ կունենանք ջրի որակի և ձկնաբուծական միջոցառումների վատացում: Մենք պետք է թեկուզ մի քանի սանտիմետրով բարձրացնենք Սևանը»,- ասաց բանախոսը:
Բարդուղ Գաբրիելյանը նշեց, որ իր տեղեկություններով, Սևանա լճի ջուրն առավելապես օգտագործվելու է ոռոգման, ոչ թե ՀԷԿ-եր աշխատեցնելու նպատակով: Նրա խոսքով, սակայն, անթույլատրելի է ամեն տարի հեշտ ճանապարհով գնալ ու Սևանից ոռոգման ջուր վերցնել, ոռոգման հարցը պետք է հիմնովին և վերջնականապես լուծել:
«Սևանը պետք է հանգիստ թողնել: Եթե անգամ լճի մակարդակը սահմանվածից մի քանի սանտիմետր ավելի է բարձրացել, դա դեռ չի նշանակում, որ պետք է արհեստականորեն իջեցնենք այն՝ հասնելու օրենքով սահմանված մակարդակին: Դա կհանգեցնի անխուսափելի ճահճացման»,- կրկին շեշտեց Բարդուղ Գաբրիելյանը:
Հարակից հրապարակումներ`
- Բնապահպանները դժգոհ են Սևանա լճից տարեկան 270 միլիոն խմ ջուր բաց թողնելու կառավարության որոշումից. «Առավոտ»
- Առաջարկվում է փոխել Սևանա լճից բացթողումների չափաքանակը
- Սևանա լճի ջրի քանակը զգալիորեն ավելացել է. Ս.Պապյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան