Մենք շարունակելու ենք պարտք վերցնել. Վարդան Արամյան
Ազգային ժողովում «Հայաստանի Հանրապետության 2016 թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության ժամանակ ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը, պատասխանելով ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանի հարցին, թե ինչքա՞ն և մինչև ե՞րբ է հնարավոր պարտք վերցնել, ասաց, որ բոլոր ներկայացված ցուցանիշները հարաբերական են, այսինքն՝ երբ խոսվում է պետական պարտքի մասին, պիտի համեմատական արվի ՀՆԱ-ի հետ:
Նրա խոսքերով՝ անվանական առումով պարտքի մեծացումը խնդիր չէ. «Ակնհայտ է, որ եթե քո եկամուտները չեն հերիքում ծախսերդ կատարելու համար, դու պետք է ծախս վերցնես. առանց դրա հնարավոր չէ»:
Պատասխանելով հարցին՝ մինչև ե՞րբ կարելի է պարտք վերցնել, Վարդան Արամյանն ասաց. «Մենք շարունակելու ենք պարտք վերցնել, սակայն ամենակարևորը այդ հարաբերական ցուցանիշների կամաց-կամաց կարգավորելն է»:
Ըստ նախարարի՝ պետք է պարտք վերցնել, որ տնտեսական աճ լինի:
«Այսինքն՝ եթե ես կարողանում ես այնպես աշխատել, որ տնտեսական աճն ավելի լինի, քան պարտքը, պիտի պարտք վերցնեմ: Պարտք-ՀՆԱ ցուցանիշը պետք է կայունանա շնորհիվ ՀՆԱ-ի աճի: Մենք չպետք է կրկնենք Հունաստանի ձախողումը: Հունաստանն անմիջապես գնաց պարտքերի միանգամից կրճատման՝ հաշվի չառնելով, աշխատողների զգալի մասն աշխատում էր պետական հատվածում, առանց ռեֆորմի անելու` գնաց պարտքի կտրուկ կրճատման, ու սա ավելի խորացրեց իրավիճակը: Ճիշտ քաղաքականությունը պարտք վերցնելն է, շեշտադրումը կապիտալ ծախսերի վրա պետք է լինի, ընթացիկ ծախսերն էլ պիտի վերաիմաստավորել»,- ընդգծեց Վարդան Արամյանը:
Հարակից հրապարակումներ`
- Հայաստանի պետական պարտքը 2016 թվականին կազմել է 5.9 միլիարդ դոլար. Վարդան Արամյան
- ԱԺ հանձնաժողովները քննարկում են 2016 թվականի բյուջեի տարեկան հաշվետվությունը