Ընթացիկ ծախսերի մասով պետք է կամաց-կամաց գոտիները ձգենք. Վարդան Արամյան
«Մենք կարող ենք հավակնել բարձր տնտեսական աճի, բայց իրագործելության տեսանկյունից բարդ է լինելու»,- այս մասին խորհրդարանում՝ «Հայաստանի Հանրապետության 2016թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության ժամանակ ասաց ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք կարճ ժամանակահատվածում մենք կարո՞ղ ենք հաղթահարել դժվարությունները, կարող ենք տնտեսական աճ ունենալ:
Նրա խոսքերով՝ տնտեսական աճի համար հարկավոր են կապիտալ ծախսեր, մինչդեռ 2014թ-ից կապիտալ ծախսերը ցածր են եղել:
«Ներդրողների վրա մեծապես ազդում են ենթակառուցվածքների վրա գնացող ծախսերը: Բիզնեսմենը չի գնա հյուրանոց սարքի այնպիսի տուրիստական կենտրոնի կողքին, եթե չկան լավ ենթակառուցվածքներ: Ներդրողը հաշվում է իր կանխիկ հոսքերը: Դրա համար այս ծախսերի կառուցվածքը գլոբալ առումով առաջիկա տարիներին պետք է փոխվի: Ուստի ընթացիկ ծախսերի մասով պետք է կամաց-կամաց գոտիները ձգենք»,- նշեց Վարդան Արամյանը: