«Ժառանգություն» կուսակցության նախագահ է վերընտրվել Րաֆֆի Հովհաննիսյանը
Նախօրեին կայացել է «Ժառանգություն» կուսակցության 11-րդ համագումարը, որին մասնակցել են 187 պատվիրակներ, ինչպես նաև հյուրեր հասարակական-քաղաքական տարբեր կազմակերպություններից, ողջույնի խոսքով հանդես են եկել համագումարին հրավիրված հյուրեր՝ գեներալ Սեյրան Օհանյանը և քաղաքագետ Ազատ Արշակյանը:
«Ժառանգություն» կուսակցության լրատվական ծառայության հաղորդմամբ, համագումարում ծրագրային զեկույցով հանդես է եկել «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Կ. Հովհաննիսյանը՝ մասնավորապես անդրադառնալով ինչպես կուսակցական կյանքի օրախնդիր թեմաներին, այնպես էլ արդի փուլի ներքաղաքական, ներպետական և աշխարհաքաղաքական առանցքային խնդիրներին ու մարտահրավերներին: Խոսելով Արցախյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացում հնարավոր զարգացումների, 2017թ. ապրիլի 2-ի խորհրդարանական ընտրություններում տեղ գտած հակոտնյա երևույթների և հանրային կենսագործունեության բոլոր ոլորտներում արձանագրված մի շարք այլ սխալների ու բացթողումների մասին, Հովհաննիսյանը զգոնության կոչ է արել Հայաստանի ներքին և արտաքին քաղաքականության համար պատասխանատու շրջանակներին՝ երկրում ստեղծված ոչ բարվոք իրավիճակի մասին խորը մտահոգությամբ:
Տեղի է ունեցել նոր վարչության առաջադրված թեկնածուների, ինչպես Վերստուգիչ ու Կանոնադրական հանձնաժողովների ընտրությունները:
Նոր վարչության կազմում ընտրվել են կուսակցության հիմնադիր ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը, մանկավարժներ Արմեն Մարտիրոսյանը և Լիգիա Մելքումյանը, պրոֆեսոր Ռաֆիկ Հակոբյանը, տնտեսագետներ Գագիկ Մարգարյանը, Սուսաննա Մուրադյանը, Ռշտուն Մարտիրոսյանը և Սուսաննա Բարխուդարյանը, Ֆիլիպ Արզումանյանը, Գևորգ Ղահրամանյանը և Հովսեփ Ղազարյանը, Գայանե Աբասյանը, Վանիկ Ալեքսանյանը, աշխարհագրագետ Վահագն Հովհաննիսյանը, միջազգայնագետ Անդրանիկ Գրիգորյանը:
Աղբյուրի հաղորդմամբ, միաձայն ընդունվել է «Ժառանգություն» կուսակցության Հռչակագիրը: Հռչակագիրը վերստին հավաստիացրել է կուսակցության ծրագրերին, համազգային նպատակներին ու դավանած արժեքներին, որոնք են՝ Ազատությունը, Ինքնիշխանությունը և Ազգային շահը, «Ժառանգության» բոլոր անդամների հավատարմության մասին:
Ավելի ուշ տեղի է ունեցել նորընտիր վարչության անդրանիկ նիստը, որտեղ «Ժառանգություն» կուսակցության վարչության նախագահ է ընտրվել Րաֆֆի Հովհաննիսյանը, փոխնախագահ՝ Արմեն Մարտիրոսյանը, քարտուղար՝ Վանիկ Ալեքսանյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին