«Արցախում վիրավորված Յուրի Զաքարյանն արդեն ինքնուրույն շնչում է, ոտքն ու ձեռքը շարժում»
Հունիսի 16-ին Արցախում գլխի հրազենային թափանցող վիրավորում ստացած ժամկետային զինծառայող Յուրի Զաքարյանը գիտակցության է եկել: Այս մասին Panorama.am-ի թղթակցին հայտնեց ՀՀ ՊՆ Բուժծառայության վարչության պետ Կամավոր Խաչատրյանը:
«Արհեստական շնչառության ապարատն անջատել են, արդեն ինքնուրույն շնչում է, սնվում է, ամեն ինչ հասկանում է, ոտքը, ձեռքը շարժում է: Դրական դինամիկա ունենք»,- նշեց Կամավոր Խաչատրյանը:
Նրա խոսքերով՝ կոկորդին միացված խողովակը հանելուց հետո արդեն Յուրին կկարողանա խոսել:
Ինչ վերաբերում է մյուս զինծառայողին՝ Արմեն Վարդանյանին, որը նույնպես վիրավորվել է հունիսի 16-ին, նրա առողջական վիճակում ևս դրական դինամիկա կա:
«Արմենն արդեն քայլում է, վաղը կամ մյուս օրը նրան հիվանդասենյակ կտեղափոխեն» ,- նշեց Կամավոր Խաչատրյանը:
Նշենք, որ Արմեն Վարդանյանը ևս ստացել է գլխի հրազենային թափանցող վիրավորում:
Հիշեցնենք, որ հունիսի 16-ին՝ ժամը 18:05-ի սահմաններում, հակառակորդը հաստոցավոր հակատանկային նռնականետերից խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը ՊԲ կենտրոնական ենթակայության զորամասերից մեկի պահպանության տեղամասի ուղղությամբ, ինչի հետևանքով մահացու վիրավորումներ էին ստացել 1997 թվականին ծնված ՊԲ զինծառայողներ Արայիկ Մատինյանը, Վիգեն Պետրոսյանը, Վարդան Սարգսյանը : Երեք զինծառայող՝ Արմեն Վարդանյանը, Յուրի Զաքարյանը, Մյասնիկ Հովհաննիսյանը վիրավորվել էին:
Հաջորդ օրը՝ հունիսի 17-ին ադրբեջանական կողմը հյուսիսային ուղղությամբ ևս դիմել է հերթական սադրանքի, որի հետևանքով ժամը 09.40-ի սահմաններում մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1997թ. ծնված Նարեկ Տիգրանի Գասպարյանը:
Հարակից հրապարակումներ`
- Ամեն ինչ արվում է, որ Արցախում վիրավորված զինծառայող Արմեն Վարդանյանն արագ ոտքի կանգնի. Կամավոր Խաչատրյան
- Յուրի Զաքարյանի առողջական վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր
- Այսօր Երևան տեղափոխված վիրավոր զինծառայողն անգիտակից վիճակում է
- Զինծառայող Արմեն Վարդանյանն ունի գլխի հրազենային թափանցող վիրավորում
- ԱՆ. Եթե բարդություններ չլինեն, զինվորի տեսողությունը կվերականգնվի
- Արցախից Երևան տեղափոխված զինծառայողների կյանքին վտանգ չի սպառնում. Կամավոր Խաչատրյան
- Արցախի ՊՆ. Այսօր առավոտյան Արցախում զինծառայող է զոհվել
- Արցախում հակառակորդի կրակոցներից երեք զինծառայող է զոհվել