Այսօր մեկնարկում է ԵԽԽՎ ամառային նստաշրջանը
Այսօր Ստրասբուրգում մեկնարկում է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի ամառային նստաշրջանը, որը կտևի հունիսի 26-ից 30-ը։ Այս նստաշրջանում առաջնային թմաներից է լինելու ԵԽԽՎ նախագահ Պեդրո Ագրամունտի պաշտոնավարման հարցը, ով, ինչպես հայտնի է, գարնանային նստաշրջանում հեռացվեց դահլիճից ու ԵԽԽՎ բյուրոն անվստահություն հայտնեց Ագրամունտին։
ԵԽԽՎ-ն ճգնաժամային վիճակում է, քանի որ կանոնակարգով չկա նախագահի հետկանչման մեխանիզմ, այդ իսկ պատճառով էլ ներկայումս կատարվում են համապատասխան փոփոխություններ։
ԵԽԽՎ նստաշրջանի առանցքային թեմաներից է լինելու Վեհաժողովում պառլամենտականների հեշվետվությունները, նրանց շրջանում տարածված կոռուպցիայի դեմ պայքարի վերաբերյալ քննարկումը։
Կքննարկվեն զեկույցներ, որոնք կենտրոնանում են միգրացիոն ճգնաժամին մարդասիրական ու քաղաքական պատասխանի վրա, միգրացիան որպես հնարավորություն Եվրոպայի զարգացման համար և փախստականների ինտեգրացիան կրիտիկական ճնշման պայմաններում։
ԵԽԽՎ-ում ելույթ կունենան ԵԽ գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդը, Մարդու իրավունքների հանձնակատար Նիլս Մուժնիկսը, Աթենքի քաղաքապետը, Շվեդիայի արդարադատության և միգրացիայի հարցերով նախարարը։
Տեղի կունենա նաև քննարկում Բելառուսում տիրող իրավիճակի շուրջ և անկախ լրատվամիջոցների ու լրագրողների նկատմամբ քաղաքական ազդեցության վերաբերյալ։
Ելույթներ կունենան նաև Մոլդովայի, Մոնտենեգրոյի վարչապետները, Չեխիայի ԱԳ նախարարը՝ որպես ԵԽ նախարարների կոմիտեի նախագահող։