Անդրեյ Պյատախին. Թե՛ բիզնեսում և թե՛ ամենօրյա կյանքում կշռադատված որոշումների կայացումը հաջողության գրավականն է
Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը հանդես է եկել դասախոսությամբ Երևանի պետական համալսարանի Սոցիոլոգիայի ֆակուլտետի հեռաուսուցման լաբորատորիայի` մարքեթինգի և հասարակայնության հետ կապերի ոլորտում վերապատրաստման մեկամյա դասընթացի մասնակիցների համար:
Ընկերության ղեկավարը՝ որպես հրավիրված դասախոս, կարդացել է «Ռազմավարական որոշումների կայացում» թեմայով դասախոսությունը: Նա լսարանին է ներկայացրել ճիշտ ռազմավարական որոշումներ կայացնելու համար անհրաժեշտ քայլերը՝ թե ինչպես պետք է ուսումնասիրել իրավիճակը, ինչ հանգամանքներ հաշվի առնել և ինչպես խուսափել առավել հաճախ հանդիպող սխալներից։
Ընկերության մամուլի ծառայության հաղորդմամբ, ընդհանուր առմամբ դասախոսությանը ներկա է եղել ավելի քան 30 ունկնդիր, այդ թվում` ԵՊՀ հեռաուսուցման լաբորատորիայի ղեկավարությունը, դասախոսներ, ուսանողներ, լրագրողներ, մարքեթինգի ու հասարակայնության հետ կապերի ոլորտի մասնագետներ:
«Մեր ուսանողների համար սա ևս մեկ հնարավորություն է լսել ոլորտի փորձառու և բանիմաց մասնագետներից մեկի՝ Beeline-ի տնօրեն՝ Անդրեյ Պյատախինին: Լաբորատորիան արժևորում է նմանատիպ միջոցառումները, քանի որ ուսանողների համար է ոչ միայն ստեղծվում արդիական գիտելիքի ստացման հնարավորություն, այլ նաև նրանց մոտ ձևավորվում է շնորհալի և հաջողակ մասնագետի կերպարր: Այլ կերպ ասած` նրանք պրակտիկայում ծանոթանում են ճանաչված մասնագետների որակներին, մտածողությանը և վարքային մոդելներին: Հատուկ կարևորում եմ լաբորատորիայի և Beeline-ի միջև համագործակցության այս ձևաչափի շարունակականության ապահովումը և համատեղ կրթական ծրագրերի իրականացման հնարավորությունները», - նշել է Երևանի Պետական Հալասարանի Սոցիոլոգիայի ֆակուլտետի հեռաուսուցման լաբորատորիայի ղեկավար Արտաշես Խուրշուդյանը:
«Մեր ժամանակներում թե՛ բիզնեսում և թե՛ ամենօրյա կյանքում ճիշտ և կշռադատված որոշումների կայացումը հաջողության գրավականն է։ Իսկ Beeline-ի նման մեծ ընկերության համար՝ զարգացման գլխավոր պայմանը։ Այդ իսկ պատճառով, կարծում եմ, այս թեմայի ուսումնասիրությունը կօգնի մարքեթինգի և հասարակայնության հետ կապերի ոլորտում վերապատրաստում անցնող մասնագետներին իրենց ներկա և ապագա գործունեության մեջ։ Ուրախ եմ ևս մեկ անգամ ելույթ ունենալ Երևանի պետական համալսարանի հեռաուսուցման լաբորատորիայի ուսանողների առջև», - ասել է Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:
ԵՊՀ Սոցիոլոգիայի ֆակուլտետի հեռաուսուցման լաբորատորիան Հայաստանում պետական կրթական հաստատություններից առաջինն է ներդրել հեռահար ուսուցման ծրագրերը off-line և on-line ձևաչափերով: Լաբորատորիայի կողմից իրականացվող հեռաուսուցման արդիական ծրագրերի միջոցով բացառիկ հնարավորություն է ընձեռնվում դառնալ հասարակայնության հետ կապերի, մարքեթինգի, մարդկային ռեսուրսների կառավարման, սոցիալական աշխատանքի, սոցիալական մանկավարժության, սոցիոլոգիայի և այլ ոլորտների մասնագետներ։
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա