Այն գաղափարախոսական հենքը, որը եղել է ի սկզբանե, պահպանվելու է. Արմեն Մարտիրոսյան
«Ժառանգություն» կուսակցությունը շարունակում է հավատարիմ մնալ իր քաղաքական վեկտորին և ինչպես նախկինում էր հայ ժողովրդի և Հայաստանի շահերը պաշտպանող կուսակցություն, այդպիսին էլ շարունակելու է լինել ապագայում։ Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում այս մասին ասաց «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը։
«Այն գաղափարախոսական հենքը, որը եղել է ի սկզբանե, պահպանվելու է։ Իհարկե, նախօրեին կայացած համագումարից հետո որոշ դրույթներ հարստացվել են։ Ծրագրային մի քանի կետեր ենք առաջարկել՝ սահմանադիր ժողովի հրավիրում՝ կոնկրետ Սահմանադրության փոփոխության հարցով, լյուստրացիայի, աշխատավարձերի ինդեքսացիայի և ավանդների վերադարձի հետ մոտեցումներ և այլն»,- ասաց նա։
Արմեն Մարտիրոսայնից հետաքրքրվեցինք՝ ինչպե՚՞ս է կուսակցությունը պատրաստվում կյանքի կոչել վերը թվարկված ծրագրերը, եթե խորհրդարանում ներկայացված չէ և օրենսդրական լծակների չի տիրապետում։
«Ժառանգություն» կուսակցության փոխնախագահը շեշտեց՝ դա ամենևին կապ չունի։
«2003 թվականին, երբ կուսակցությունն իր գործունեությունը սկսեց և խորհրդարանում էլ ներկայացված չէր, ծրագիր չունե՞ր»,- զարմացավ նա։
Հարցին՝ ի՞նչ փուլում է «Ժառանգության» ընդլայնման ծրագիրը, որի մասին վերջերս հայտարարել էր կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը, Արմեն Մարտիրոսյանը նշեց՝ գործընթացը նոր է մեկնարկել, սակայն մի բան հստակ է՝ ընդդիմադիր դաշտը պետք է հնարավորինս մեկտեղվի։ Թե հատկապես որ կուսակցությունների հետ «Ժառանգությունը» կցանկանար միավորվել, մեր զրուցակիցը խուսափեց անուններ հնչեցնել։
Հիշեցնենք, որ հունիսի 25-ին՝ «Ժառանգություն» կուսակցության 11-րդ համագումարի ժամանակ, տեղի էր ունեցել քվեարկություն, որի ընթացքում կուսակցության անդամներն ընտրել էին վարչության անդամներին: Քվեարկության արդյունքում առաջադրված 20 թեկնածուներից վարչության անդամ էր ընտրվել 15-ը։
«Ժառանգություն» կուսակցության նորընտիր վարչության անդրանիկ նիստին վարչության նախագահ է ընտրվել Րաֆֆի Հովհաննիսյանը:
Հարակից հրապարակումներ`
- «Ժառանգություն» կուսակցության նախագահ է վերընտրվել Րաֆֆի Հովհաննիսյանը
- Արմեն Մարտիրոսյան. Օրակարգում Րաֆֆի Հովհաննիսյանին փոխելու հարց չկա. «Իրավունք»
- «Ժառանգության» համագումարը տեղի կունենա հունիսի 25-ին. Արմեն Մարտիրոսյան
- «Ժառանգության» համագումարը տեղի կունենա հունիսի 24-ին կամ 25-ին. Արմեն Մարտիրոսյան
- Արմեն Մարտիրոսյանը քաղաքական արձակուրդում է, իսկ «Ժառանգությունը» լուծարվում է. «Ժողովուրդ»
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին