Սոնա Պողոսյանն ու Արփինե Դալալյանը պատրաստվում են Եվրոպայի երիտասարդական առաջնությանը
Ծանրամարտի կանանց Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Արտաշես Ներսիսյանը գոհ է Տոկիոյում կայացած ծանրամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունում Սոնա Պողոսյանի և Արփինե Դալալյանի մասնակցությունից:
«Կիլոգրամների առումով ինչ սպասում էի, եղավ: Սոնան ուսի վնասվածք եւ նստաներվի բորբոքում ուներ: Բայց որոշակի ցավեր ունենալով՝ կարողացավ մեդալ նվաճել իր եւ հավաքականի համար: Դա Սոնայի առաջին մեդալն էր աշխարհի առաջնություններում:
Ինչ վերաբերում է Արփինե Դալալյանին, երեւում է, որ նա սկսել է աճել, մրցահարթակում հասունանալ: Տոկիոյում Արփինեն կայուն հանդես եկավ, անձնական արդյունքը բարելավեց 14 կգ-ով՝ զբաղեցնելով չորրորդ տեղն աշխարհում: Նա 18 տարեկան է եւ դեռ երկու տարի ունի այս տարիքային խմբում հանդես գալու համար»,-ՀԱՕԿ լրատվականին ասել է Արտաշես Ներսիսյանը:
Մարզիչը նաև նշել է, որ Սոնա Պողոսյանն ու Արփինե Դալալյանը հիմա սկսելու են նախապատրաստվել հոկտեմբերին կայանալիք Եվրոպայի երիտասարդական առաջնությանը:
Նշենք, որ +90 կգ քաշային կարգում Արփինե Դալալյանը երկամարտի 234 կգ արդյունքով զբաղեցրել է 4-րդ հորիզոնականը։ 75 կգ քաշային կարգում Սոնա Պողոսյանը երկամարտի 223 կգ արդյունքով դարձել է բրոնզե մեդալակիր: Սոնան փոքր արծաթե մեդալ է նվաճել նաև հրում վարժությունում` գլխավերևում պահելով 125 կգ: Իսկ պոկում վարժությունում հայ ծանրորդը 4-րդն է (98 կգ):
Հարակից հրապարակումներ`
- Սիմոն Մարտիրոսյանը՝ աշխարհի երիտասարդական առաջնության չեմպիոն
- Արփինե Դալալյանը 4-րդն է աշխարհի երիտասարդական առաջնությունում
- Սամվել Գասպարյանը` աշխարհի երիտասարդական առաջնության բրոնզե մեդալակիր
- Սոնա Պողոսյանը մեծ բրոնզե և փոքր արծաթե մեդալներ նվաճեց աշխարհի երիտասարդական առաջնությունում
- Երիտասարդ ծանրորդները մեկնեցին Տոկիո
- Տոկիո կմեկնեն ծանրամարտիկներ Սոնա Պողոսյանն ու Արփինե Դալալյանը
- Սոնա Պողոսյանը` Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր