Գերմանիան զգուշացրել է Անկարային. Վաշինգտոնում կատարվածը չի կարող կրկնվել Համբուրգում
Գերմանիայի և Թուրքիայի միջև լարվածությունը շարունակում է նոր դրսևորումներ ստանալ: «Էրմենիհաբեր»-ի փոխանցմամբ, հուլիսի 7-8 Համբուրգում կկայանա «Մեծ քսանյակի» (G20) գագաթնաժողովը: Այդ համատեքստում Գերմանիայի կառավարությունը Էրդողանից պահանջել է իր հետ չբերել այն թիկնապահներին, որոնք ԱՄՆ-ում հարձակվել էին խաղաղ ցուցարարների վրա:
Գերմանիայի արտգործնախարարությունն այդ առթիվ հատուկ գրություն է հղել Անկարային: Գրությամբ պահանջվել է Համբուրգ չբերել այն 12 թիկնապահներին, որոնք Վաշինգտոնի միջադեպի պատճառով հետախուզման մեջ են գտնվում: Միևնույն ժամանակ, նախարարությունը զգուշացրել է, որ Էրդողանի թիկնապահները ոչ մի դեպքում չպետք է միջամտեն կազմակերպվող հնարավոր ցույցերին: Հայտնի է, որ «Մեծ քսանյակի» գագաթնաժողովից առաջ և հետո Համբուրգում մի շարք ցույցեր են անցկացվելու: Ենթադրվում է, որ այդ ցույցերին հարյուր հազարավոր մարդիկ կմասնակցեն:
Նշվում է նաև, որ Համբուրգի ներքին գործերի վարչությունը վճռական է տրամադրված և ոչ մի դեպքում թույլ չի տա, որ Վաշինգտոնում տեղի ունեցած կրկնվի: Համբուրգի սենատոր Էնդի Գրոթեն այդ առթիվ հայտարարել է, որ իր քաղաքի փողոցներում իրավիճակի տերերը Համբուրգի ոստիկաններն են:
Գերմանիայի և Թուրքիայի միջև ճգնաժամը սկիզբ է առել 2016թ. հունիսի 2-ին, երբ դաշնային խորհրդարանն ընդունեց Հայոց ցեղասպանությունը ճանաչող և դատապարտող բանաձևը: Դրանից հետո Անկարան արգելեց Բունդեսթագի պատգամավորին՝ այցելել Ինջիրլիքի ռազմաբազայում գտնվող գերմանացի զինվորականներին: Գերմանիան էլ, իր հերթին, քաղաքական ապաստան տվեց Թուրքիայում հետապնդվող քաղաքացիներին և արգելեց թուրք նախարարներին՝ իր երկրում նախընտրական քարոզարշավ իրականացնել:
Իսկ օրեր առաջ լրատվամիջներում տեղեկություններ էին տարածվել այն մասին, որ Գերմանիան ֆիզիկական և տեխնիկական վերահսկողություն է սահմանել իր տարածքում գտնվող 150 թուրքերի նկատմամբ: Վերջիններս կասկածվում են թուրքական հետախուզական ծառայության օգտին լրտեսելու և գաղտնի տեղեկություններ տարածելու մեջ:
Հիշեցնենք, որ մայիսի 16-ին ԱՄՆ-ի հայ, քուրդ, ասորի և եզդի համայնքների ներկայացուցիչները ցույց էին կազմակերպել Վաշինգտոնում՝ բողոքելով Էրդողանի` ԱՄՆ այցի դեմ: Էրդողանի թիկնապահները հարձակվել էին խաղաղ ցուցարարների վրա և դաժան ծեծի ենթարկել նրանց: Միջադեպի հետևանքով վիրավորվել էր 9 ցուցարար: Դեպքի առթիվ հետաքննություն էր հարուցվել, որի շրջանակներում Էրդողանի որոշ թիկնապահների նկատմամբ հետախուզում էր հայտարարվել:
Հարակից հրապարակումներ`
- Բեռլինը դեմ է Վաշինգտոնում ցուցարարներ ծեծած Էրդողանի թիկնապահների մուտքին Գերմանիա
- ԱՄՆ-ի ոստիկանությունը Էրդողանի 12 թիկնապահների ձերբակալության օրդեր է տվել
- ԱՄՆ Կոնգրեսում դատապարտել են Էրդողանի թիկնապահների հարձակումը խաղաղ ցուցարարների վրա
- Կոնգրեսը Վաշինգթոնում թուրքերի բռնությունը դատապարտող բանաձև է ներկայացրել
- ԱՄՆ-ում Թուրքիայի դեսպանը կանչվել է Պետդեպարտամենտ՝ Վաշինգտոնում ծեծկռտուքի առնչությամբ
- ԱՄՆ սենատորը պահանջում է արտաքսել Թուրքիայի դեսպանին
- Վաշինգտոնում ցուցարարների հետ կռվողները եղել են Էրդողանի թիկնապահները. Guardian
- ԱՄՆ-ում Էրդողանի կողմնակիցները հարձակվել են հայ, քուրդ, եզդի ցուցարարների վրա
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին