ԵՄ-ն նախ պետք է հստակեցնի, թե ինչ է հասկանում «ստատուս քվո» ասելով
22/06/2017 –ին Հայաստանում Եվրոպական միության պատվիրակությունը ներկայացրել էր Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում մահվան դեպքերի առնչությամբ ԵՄ խոսնակի հայտարարությունը, ըստ որի. « Հրադադարի վերջին խախտումները, որոնց հետևանքով Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտու շփման գծում եղան բազմաթիվ զոհեր ակնհայտ հիշեցում են առ այն, որ ստատուս քվոն անկենսունակ է»:
Տարիներ շարունակ, Արցախի Հանրապետության հետ կապված տարբեր իրավիճակներում, միշտ օգտագործվում է նույն տերմինը «ստատուս քվո», որը նշանակում է՝ տվյալ պահի իրավիճակ, կարգավիճակ:
Իսկ ինչպիսին է այսօր Արցախում «ստատուս քվոն» ԵՄ պատկերացմամբ և փաստացի գնահատմամբ:
Այս հարցադրմամբ panorama.am-ը դիմել էր Հայաստանում ԵՄ պատվիրակությանը։
Նշենք, որ մեր նամակում նաև տեղ էր գտել «դիվանագիտական» սպրդում. «Արդյոք այս տերմինի տարիներով օգտագործումը նշանակում է, որ մասնավորապես ԵՄ-ն ճանաչում է Արցախի անկախ Հանրապետություն լինելը, քանի որ փաստացի Արցախը տարիներ շարունակ անկախ պետություն է:
Եթե դրա մասին չէ խոսքը, ապա վերադառնանք հիմնական հարցին՝ ինչպիսին է այսօր «ստատուս քվոն» ԵՄ պատկերացմամբ»:
Panorama.am-ի նամակին պատվիրակությունից պատասխանել են արագ ու ևս «դիվանագիտորեն»՝ որոշակի ոչինչ չասող պատասխան, որը հայերեն թարգմանությամբ ունի հետևյալ տեսքը.
«Շնորհակալություն ձեր նամակի համար:
Ցանկանում ենք տեղեկացնել, որ ԵՄ-ն բազմաթիվ առիթներով հստակ նշել է, որ ստատուս քվոն անկենսունակ է, հակամարտությունը չունի ռազմական լուծում և շտապ անհրաժեշտ է դրան տալ միջազգային իրավունքի վրա հիմնված քաղաքական լուծում: Այլ կերպ ասած, մենք Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ ստեղծված ներկայիս իրավիճակը համարում ենք չլուծված և կոչ ենք անում կողմերին սկսել խաղաղ բանակցությունները՝ փոխընդունելի լուծում գտնելու համար»:
Նշենք, որ Panorama.am-ը այս թեմայով խոսել էր նաև քաղաքագետ Թևան Պողոսյանի հետ, ով հարցին, թե՝ «ԵՄ խոսնակը ստատուս քվոն անկենսունակ որակեց, դուք այդ կարծիքի՞ն եք», նույնպես գտավ, որ ԵՄ դիրքորոշումը նախ հստակեցման կարիք ունի. «Նայած ինչ են հասկանում իրենք ստատուս քվո ասելով: Եթե կողմերից մեկն ասում է, որ այն անկենսունակ է, պետք է բացատրի, թե ինչ է հասկանում»։
Հարակից հրապարակումներ`
- Թևան Պողոսյան. Միջազգային կառույցների անհասցե հայտարարություններն Ադրբեջանի համար նշանակություն չունեն
- «Ստատուս քվոն Լեռնային Ղարաբաղում անկենսունակ է». ԵՄ խոսնակ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան