Վաչե Գաբրիելյանը դրական է գնահատում Հայաստանի ԵԱՏՄ անդամակցությունը
Փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանն այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում դրական համարեց Հայաստանի՝ Եվրասիական տնտեսական միությանն անդամակցությունը:
Փոխվարչապետն ասաց, որ հետազոտություն են իրականացրել, որում համեմատել են Հայաստանն այն երկրների հետ, որոնք միացել են ԵՄ Ասոցացման համաձայնագրին: «Վրաստանի ու Մոլդովայի հետ ենք համեմատել, և գտանք, որ ԵԱՏՄ-ին մեր անդամակցությունը տվեց ավելի մեծ արդյունք, որովհետև միևնույն է, Ռուսաստանի ազդեցությունը տարածաշրջանի բոլոր երկրների վրա կա: Կարծում եմ՝ ընդհանուր առմամբ ԵԱՏՄ անդամակցությունը դրական է մեզ համար, նույն ֆինանսական հոսքերի տեսանկյունից ավելի շատ ստանում ենք, քան տալիս»,- ընդգծեց նա:
Միաժամանակ Վաչե Գաբրիելյանը նշեց, որ մինչ այդ Հայաստանը Ռուսաստանի հետ առևտուր անում էր, հիմա Մաքսային միության մեջ է, որի հետևանքով մաքսային ձևակերպումներ և բազմաթիվ այլ գործառույթներ թեթևացել են, մաքսատուրքը նվազել է:
Ինչ վերաբերում է երրորդ երկրների հետ առևտրային հարբերություններին, փոխվարչապետը բնական համարեց, որ ԵԱՏՄ անդամակցությունից հետո երրորդ երկրների հետ Հայաստանի առևտրային հարաբերություններում խնդիրներ են առաջացել:
«Բնականաբար, պետք է առաջանային, քանի որ մենք անդամակցել ենք այլ կառույցի և դրանով մեր հարաբերությունները միջնորդավորում ենք միասնական տնտեսական տարիֆի միջոցով: Միաժամանակ, շուրջ 700 ապրանքների գծով մենք տարիֆների անմիջապես բարձրացում չենք արել, որպեսզի դա անմիջապես չազդի մեր տնտեսվարողների ու սպառման վրա, աստիճանական բարձրացում ենք իրականացրել»,- ընդգծեց Վաչե Գաբրիելյանը: