Ամեն տարի շուրջ 190 հազար մարդ է մահանում ապօրինի թմրամիջոցների պատճառով. ՄԱԿ
Այսօր Թմրամիջոցների չարաշահման և ապօրինի շրջանառության դեմ պայքարի միջազգային օրն է։ ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակը ներկայացնում է ՄԱԿ-ի Թմրամիջոցների և հանցավորության հարցերով գրասենյակի գործադիր տնօրեն Յուրի Ֆեդոտովի հայտարարությունն այդ կապակցությամբ։
«Թմրամիջոցների չարաշահման և ապօրինի շրջանառության դեմ պայքարի միջազգային օրն ընդունում է այն խիստ ազդեցությունը, որ ապօրինի թմրամիջոցներն ունեն առողջության, զարգացման, խաղաղության և անվտանգության վրա։ Ամեն տարի շուրջ 190 հազար մարդ է մահանում ապօրինի թմրամիջոցների պատճառով։ Բայց մարդկային կյանքին ու համայնքներին հասցվող վնասն այդքանով չի սահմանափակվում։ Թմրամիջոցների օգտագործումն առողջությունը վնասում է հյուծող ՄԻԱՎ-ի, հեպատիտի և տուբերկուլոզի միջոցով, իսկ թմրամիջոցների ապօրինի շրջանառությունը սնում է փողերի լվացման ու մահացու ահաբեկչության երևույթները։ Թմրամիջոցների մատակարարման շղթայից անբաժան է կոռուպցիան՝ որպես կազմակերպված հանցավորության համար կանաչ լույս վառող խոշոր գործոն։
Համատեղ արձագանքելով այս մարտահրավերին՝ անցյալ տարի երկրները միաձայն համաձայնության եկան ՄԱԿ-ի ընդհանուր վեհաժողովի հատուկ նստաշրջանի փաստաթղթի շուրջ, որը պարունակում 100-ից ավելի առաջարկություն աշխարհում թմրամիջոցների դեմ պայքարի վերաբերյալ։ Այս առաջարկությունները՝ ամրապնդված միջազգային կոնսենսուսով, ընդգծում են մատչելի, գիտության վրա հենված բուժման և խնամքի անհրաժեշտությունը, հատկապես բանտերում, ինչպես նաև ՄԻԱՎ-ի ու այլ վարակների տարածման նվազեցման միջոցառումների կարիքը։
Վերջերս թողարկված՝ 2017 թ. Թմրամիջոցների վերաբերյալ համաշխարհային զեկույցը քննության է առնում մեկ այլ անհանգստացնող երևույթ նույնպես. կապը թմրամիջոցների, հանցավորության և ահաբեկչության միջև և փոխհարաբերությունների փոփոխվող բնույթը։ Ընդամենը մեկ օրինակ՝ ահաբեկիչներն ու ոչ պետական զինված խմբավորումները շահույթ են ստանում թմրամիջոցների առևտրից։ Որոշ գնահատականների համաձայն՝ Աֆղանստանում օպիումի մշակման ընդհուպ մինչև 85 տոկոսը տեղի է ունենում Թալիբանի վերահսկողության տակ գտնվող տարածքներում։ Նոր սպառնալիքների ի հայտ գալուն զուգընթաց, ներառյալ մետամֆիտամինի ու հոգեմետ նոր նյութերի տարածումը, շարունակում են գոյատևել նաև հները։ Բիզնես մոդելները նույնպես զարգանում են, մինչ կիբերհանցավորությունը և «մութ ցանցերը» (darknet) ավելի ու ավելի մեծ դեր են կատարում։
Թմրամիջոցները և հանցավորությունը, որոնք ժամանակին ընկալվում էին որպես զարգացման բեմահարթակի լուսանցքային դերակատար, այսօր համարվում են Կայուն զարգացման օրակարգի իրականացման մտահոգիչ խոչընդոտ, մասնավորապես Նպատակ 3-ի (առողջության վերաբերյալ) և Նպատակ 16-ի (խաղաղ հասարակությունների վերաբերյալ) առումով։ Մեր արձագանքն է՝ սերտորեն աշխատել գործընկերներ հետ, որպեսզի ոչ միայն կանխենք թմրամիջոցների ու հանցավորության միջոցով շահույթ ստանալը, այլև ապահովենք, որ դրանք չսնեն անկայունությունը, որը խոչընդոտում է զարգացմանը, խաղաղությանը և մարդու իրավունքների իրացմանը։
ՄԱԿ-ի Թմրամիջոցների և հանցավորության հարցերով գրասենյակն այսօր շարունակում է հավատարիմ մնալ ապօրինի թմրամիջոցների բարդ խնդրի խաղաղ ու արդյունավետ հաղթահարման հանձնառությանը՝ հիմնվելով թմրամիջոցների վերահսկման միջազգային մեխանիզմների և մարդկության առողջությունն ու բարեկեցությունը պաշտպանելու դրանց առանցքային սկզբունքների վրա»։