Հայաստանի երկու թաեքվոնդոիստ ավարտել է մրցելույթն աշխարհի առաջնությունում
Հարավային Կորեայի Մուջու քաղաքում ընթացող թաեքվոնդոյի աշխարհի առաջնությունում հանդես եկավ Հայաստանը ներկայացնող երկու մարզիկ: Այս մասին հայտնում են Թաեքվոնդոյի համաշխարհային ֆեդերացիայից։
68 կգ քաշային կարգում Սերգեյ Վարդազարյանը 1/64-րդ եզրափակչում հաղթեց կուբացի Ֆերմին Կուեսադույին (24:15), բայց հաջորդ գոտեմարտում զիջեց իրանցի Աբոլֆազլ Յագուբիին (4:27):
74 կգ քաշային կարգում Դավիթ Վարդումյանը 1/64-րդ եզրափակչում առավելության հասավ Բութանի ներկայացուցիչ Նգվանգ Յունտենի նկատմամբ (26:4), իսկ հաջորդ մարտում պարտվեց խորվաթ Թոնի Կանաետին (5:27):
Հունիսի 28-ին տատամի կմտնի Հայաստանի հավաքականի վերջին ներկայացուցիչ, 2008 թվականի Եվրոպայի չեմպիոն, նախորդ տարվա մայրցամաքի առաջնության արծաթե մեդալակիր Արման Երեմյանը (87 կգ): Հայ թաեքվոնդոիստը կսկսի մրցել 1/32-րդ եզրափակչից:
Թաեքվոնդոյի համաշխարհային ֆեդերացիան (World Taekwondo Federation) այսուհետ կանվանվի Համաշխարհային թաեքվոնդո (World Taekwondo): Այս մասին հայտնում է կազմակերպության պաշտոնական կայքը: Ֆեդերացիայի ղեկավարությունը նման որոշում կայացրել է համացանցում տեղ գտած բազմաթիվ կատակների պատճառով: Նախկին անվան հապավումը` (WTF), համընկնում է տարածված անգլալեզու հայհոյանքի կրճատ ձեւի հետ, ինչը առիթ էր համացանցում բազմաթիվ կատակների:
WTF անվանումը կազմակերպությունը կրում էր 1973 թվականից:
Լուսանկարը` Սերգեյ Վարդազարյանի անձնական արխիվից