Թմրամիջոց գործածող 16-17 տարեկաններն ավելացել են. Ասյա Գրիգորյան
Հայաստանում 2017 թվականի հունվարի 1-ի դրությամբ դիսպանսերային դիտարկման մեջ է թմրամիջոց գործածող 6010 մարդ: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԱՆ նարկոլոգիական հանրապետական կենտրոնի բուժական գծով տեղակալ Ասյա Գրիգորյանը՝ մանրամասնելով, որ դրանց մեջ 2343-ը օփիոդների գործածողներ են, 3665 կանաբիոիդների, 2-ը՝ կոկային գործածողներ:
Տարիքային սանդղակին անդրադառնալով նշեց, որ այն այս տարի փոքր-ինչ փոխվել է. ավելացել են 16-17 տարեկան գործածողները:
«16 տարեկան 3 հոգի ունենք, 18 տարեկան՝ 91, իսկ 19-27 տարեկանների թիվը հասնում է 557-ի: Հիմնական թիրախային տարիքը համարվում է 28-49 տարեկանը, որոնք կազմում են 3806: 65 տարեկանից բարձր 60 անձ կա: Կանանց թիվը թմրամիջոց գործածողների մեջ ևս ավելացել է, կանաբիոիդներ գործածող 3 կին կա՝ 17-18 տարեկանի սանդղակում, 29 տարեկան՝ 11 գործածող»,- ներկայացրեց Ասյա Գրիգորյանը:
ՀՀ ԱՆ գլխավոր նարկոլոգ Պետրոս Սեմերջյանն ասաց, որ բուժական ծախսերը ՀՀ քաղաքացիների համար իրականացվում են առողջապահության նախարարության կողմից, կա բուժման երկու ձև, կամավոր և պարտադիր:
«Ամեն հիվանդի բուժման ծախսը յուրաքանչյուր օրվա համար կազմում է 9900 դրամ։ Ամենաշատ գրանցվածների թիվն այս տարվանն է։ Վերջին 7-8 տարիների ընթացքում ամեն տարի աճ է եղել 9 տոկոսով, իսկ 2016-17-ի անցումը կազմել է 10 տոկոս»,-ասաց նարկոլոգը:
Այսօր Թմրամիջոցների չարաշահման և ապօրինի շրջանառության դեմ պայքարի միջազգային օրն է։