Թեժ քննարկում․ Սամեդ Սեյիդովը ԵԽԽՎ-ում հանդես եկավ Ագրամունտի «պաշտպանական ճառով»
ԵԽԽՎ-ում այս պահին քննարկվում է «Վեհաժողովում պատասխանատվության սկզբունքի ճանաչումն ու իրացումը» բանաձևի նախագիծը, որը ներկայացնում է շվեյցարացի պատգամավոր Լիլիան Մորի Պասկիեն։
Քննարկմանը ելույթ ունեցող պատգամավորները բարձրաձայնում են, որ բանաձևի անհրաժեշտությունն ու կանոնադրության փոփոխության խնդիրը ծագեց կոնկրետ ԵԽԽՎ նախագահ Պեդրո Ագրամունտի նկատմամբ առաջացած անվստահության պատճառով, ով առանց ԵԽԽՎ-ի հետ համաձայնեցնելու այցելել էր Սիրիա ու հանդիպել նախագահ Բաշար Ասադին։
Պատգամավորների կարծիքները բաժանված են՝ բանաձևը պետք է հետադարձ ուժ ունենա և արդյոք քվեարկությունը պետք է լինի էլեկտրոնային ու բաց, ինչպես առաջարկվում է բանաձևի նախագծում, թե փակ գաղտնի։
Ելույթ ունեցավ նաև Ադրբեջանի պատգամավոր Սամեդ Սեյիդովն ու, ինչպես սպասվում էր, դա Ադրբեջանի հավատարիմ խավիարակեր Պեդրո Ագրամունտի պաշտպանական ճառն էր։
Սեյիդովը նշեց, թե իրենք էլ են աջակցում այս կազմակերպության բարեփոխմանը, սակայն տարօրինակ է համարում այն, որ երբ Ռենե Ռուքեն այցելում է Լեռնային Ղարաբաղ, երբ վեհաժողովի պաշտոնյաներն այցելում են Ղրիմ, ոչ ոք հարց չի բարձրացնում, թե դա քայքայում է կազմակերպության նկատմամբ վստահությունը. «Եթե մենք մտածում ենք կազմակերպության բարեփոխման մասին, մենք պետք է կատարենք փոփոխություններ, որոնք ուղղված են ապագային, այլ ոչ թե մեկին պատժելու համար։ Մենք կողմ կլինեինք բանաձևին, եթե այն հետադարձ ուժ չունենար։ Հակառակ դեպքում սա վհուկների որս է»։
Սամադ Սեյիդովը մատնացույց արեց, որ քննարկմանը ելույթ ունեցողների մեջ ՀՀ պատվիրակության 3 անդամներն են ու հարց բարձրացրեց, թե ինչու են հայերն այս փոփոխության ջատագովներն ու ինքն էլ պատասխանեց, թե ցանկանում են բանաձևն օգտագործել ի շահ իրենց։
ՀՀ պատվիրակության անդամ Հերմինե Նաղդալյանն էլ իր ելույթում վեհաժողովին առաջարկեց պատասխանատու պաշտոնյաների ցանկում, ի թիվս ԵԽԽՎ նախագահի, փոխնախագահի, հանձնաժողովների նախագահների ու փոխնախագահների ներառել նաև զեկուցողներին։
Նաղդալյանն իր ելույթի վերջում պատասխանեց նաև Սեյիդովին, ասելով. «Այո՛, հայերը միանշանակ պաշտպանում են բանաձևը՝ ներկայացրել են իրավիճակի վերաբերյալ առաջակություններ ու լուծումներ, քանի որ պետք է արմատախիլ անել այն ողջ վատ բարքերը, որոնք Ադրբեջանը բերել ու հաստատել է ԵԽԽՎ-ում»։
Պատգամավոր Թինի Կոքսը հայտարարեց, որ եթե ԵԽԽՎ նախագահ Ագրամունտն ունենար բավականաչափ իմաստություն ու հրաժարական տար, ապա այս փոփոխությունների կարիքը չէր առաջանա։
Աքսել Ֆիշերը, ով ԵԺԿ խմբի ղեկավարն է, նույն կուսակցության անդամ է նաև Ագրամունտը, առաջարկում է քվեարկությունն անցկացնել փակ-գաղտնի։
Ալֆրեդ Հերն էլ կոչ արեց բանաձևի ընդունումից Ագրամունտին հեռացնելու առաջարկը դնել քվեարկության միայն այն դեպքում, երբ վստահ լինեն, որ այն կստանա անհրաժեշտ ձայներ, առավել «հիմար» վիճակում չհայտնվելու համար։
Քննարկումից հետո վեհաժողովում տեղի կունենա բանաձևի քվեարկությունը։
Հարակից հրապարակումներ`
- ԵԽԽՎ-ն այսօր կքննարկի նախագահի իմպիչմենտի վերաբերյալ բանաձևը
- Ագրամունտն Ադրբեջանի շահերի մասնավոր սպասարկու է. Միքայել Մելքումյան
- «Պեդրո Ագրամունտը իրեն չպահեց ո՛չ որպես տղամարդ և ո՛չ էլ որպես քաղաքական գործիչ». Նաիրա Զոհրաբյան
- Ֆրենկ Շվաբե․ Ադրբեջանը դեմ է եղել ԵԽԽՎ-ում կոռուպցիայի հետաքննության մարմնի ստեղծմանը
- Պեդրո Ագրամունտը չվերադարձավ ԵԽԽՎ դահլիճ
- Այսօր մեկնարկում է ԵԽԽՎ ամառային նստաշրջանը
- ԵԽԽՎ նստաշրջանի օրակարգում առաջնահերթութուն է ԵԽԽՎ նախագահի պաշտոնանկության գործընթացը. Ա. Հովհաննիսյան
- Նաիրա Կարապետյան․ «Պեդրոյի վկաները» փորձում են փրկել ԵԽԽՎ նախագահ Ագրամունտին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան