Նախատեսվում է զբոսաշրջիկների թիվը հասցնել 3 միլիոնի, որից 1.5 միլիոնը լինեն սփյուռքահայեր
ՀՀ 2016թ. բյուջեով զբոսաշրջության զարգացման ծրագրերի աջակցության համար հատկացվել է 185 միլիոն 700 հազար դրամ: Այս մասին այսօր Ազգային ժողովում «ՀՀ 2016 թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության քննարկման ժամանակ ասաց ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ Էմիլ Տարասյանը:
Նրա խոսքերով՝ զբոսաշրջության ոլորտում 2016թ. արձանագրվել է թե՛ որակական, թե՛ քանակական աճ: Մասնավորապես, վերջին 5 տարիների ընթացքում ներգնա զբոսաշրջային այցելություններն աճել են 9 տոկոսով, իսկ նախորդ տարի՝ 5.7 տոկոսով:
Էմիլ Տարասյանը նշեց, որ այս տեմպերը պահպանվում են, սակայն կառավարությունը նոր նշաձող է դրել, որով նախատեսում է մոտակա տարիներին Հայաստան այցելող զբոսաշրջիկների թիվը հասցնել 3 միլիոնի:
Փոխնախարարը նաև հայտնեց, որ Հայաստան այցելող զբոսաշրջիկների թվի աճ է արձանագրվել Ռուսաստանից, Վրաստանից, Իրանից, Ուկրաինայից, ԱՄՆ-ից:
«Սա առաջին հնգյակն է, սակայն տոկոսային առումով երեք անգամ ավելացել է Հնդկաստանից և Արաբական Միացյալ Էմիրություններից Հայաստան այցելող զբոսաշրջիկների թիվը»,- ասաց նա:
Միաժամանակ Էմիլ Տարասյանը նշեց, որ զբոսաշրջիկների թիվը 3 միլիոնի հասցնելու համար մոտավորապես 20 միջոցառում պետք է իրականացնեն:
«Թիրախավորվել է, որ այդ երեք միլիոնից 1.5 միլիոնը լինեն սփյուռքահայեր»,- ասաց նա:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան